ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային
վարկանիշը։
Վարկանիշում ներառվել է ռուսաստանաբնակ երեք հայազգի գործարար։ «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 6,9 մլրդ դոլար ունեցվածքով զբաղեցրել է 212–րդ տեղը։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 566–րդ տեղը։ Նրա ունեցվածքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար։ «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովը 2 մլրդ դոլարով զբաղեցրել է 1066 տեղը։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց թվով 31–րդ վարկանիշը չորրորդ անգամ գլխավորել է Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Նրա ունեցվածքն ավելացել է` 75 մլրդ դոլարից հասնելով 86 մլրդ դոլարի։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականում է Berkshire Hathaway–ի ղեկավար Ուորեն Բաֆեթը, ում ունեցվածքը գնահատվում է 75,6 մլրդ դոլար։ Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 5–րդ հորիզոնականից տեղափոխվել է 3–րդ։ Նրա ունեցվածքը գնահատվել է 72,8 մլրդ դոլար։
Forbes–ի վարկանիշում առաջին անգամ միլիարդատերերի թիվը գերազանցել է երկու հազարը` կազմելով 2043 մարդ։ Երկրագնդի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը ավելացել է 18 տոկոսով` հասնելով 7,67 տրիլիոն դոլարի։–0–