ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Поедем-поедим» հաղորդաշարն արդեն երկրորդ անգամ հյուրընկալվել է Հայաստանում: Առաջին անգամ ծրագրի նկարահանող խումբը հերթական թողարկումը նկարահանել էր մեր երկրում 2014 թվականին:
Հաղորդումը կիրակի` հունիսի 11-ին, եթեր է հեռարձակվել ռուսական НТВ հեռուստաալիքով:
Հաղորդման ռուսախոս անգլիացի հաղորդավար Ջոն Ուորենը եղավ Կոնդ թաղամասում, որտեղ համտեսեց բնակիչներից մեկի ձեռքով պատրաստած սուրճը, Երևանի սրտում վայելեց Մերի Մուսինյանի երաժշտական կատարումը քանոնով:
Հաղորդման հեղինակը պատմում է, թե որքան հաճելի է տեսնել մայրաքաղաքում մարդկանց, ովքեր ոչ մի տեղ չեն շտապում: Նա նաև ուղևորվեց Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը` Սևանա լիճ, որտեղ համտեսեց Սևանա կապույտ խեցգետնի քյաբաբ: Հաղորդավարը նաև եղավ Գառնիում, որտեղ մասնակցեց լավաշի թխման արարողությանը:
Ուորենին հյուրընկալեց նաև ComedyClub-ի ռեզիդենտ Նարեկ Մարգարյանը, ում ընկերակցությամբ պատրաստեց հայկական տոլմա` հայկական հումորի մեծ մասնաբաժնով:
Հաղորդման ավարտին բրիտանացին խորն ափսոսանք հայտնեց, որ մեկ շաբաթը շատ քիչ է` Երևանում լինելու համար, և նա տխրում է, որ ստիպված է հեռանալ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում