ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բանակցություններ են ընթանում Արմավիր-Երևան երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ, հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։ Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ ամարանիշներով փոխադրողների գործունեությունն է։
«Այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության հետ, որպեսզի նրանք վերսկսեն փոխադրումները», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
Խնդիրն այն է, որ անօրինական փոխադրումներ իրականացնողների գործունեությունը կարգավորող տեսչական մարմինը, որն այլևս նախարարության կազմում չէ, ներկայում վերակազմավորման փուլում է և չի կարող համապատասխան քայլեր իրականացնել ապօրինի ուղևորափոխադրողների նկատմամբ։
Այնուամենայնիվ նշվում է, որ նախարարությունը կդիմի պատկան մարմիններին՝ վերջիններիս աջակցությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու և երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու համար։–0–