ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի է ունենալու Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը տեղեկացրեցին համաժողովի կազմակերպիչները։
Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Քաթարի, Հարավային Կորեայի, Իրանի, Հնդկաստանի և այլ երկրների կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարար շրջանակների և փորձագետների համայնքի, համաշխարհային նշանավոր ընկերությունների ղեկավարներ:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքը զուգորդված է «Եվրասիական տնտեսական շաբաթի» միջոցառումների հետ՝ խոշորագույն միջազգային գործնական համաժողովի ԵԱՏՄ տարածության վրա, ինչն ընդլայնում է փոխադարձ հնարավորությունները՝ բիզնեսի փոխշահավետ երկխոսության և ազգային ու վերազգային մակարդակի կարգավորիչների համար:
Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 23–ին կկազմակերպվի «ԵԱՏՄ երկրների պոտենցիալ ունակությունները և տեխնոլոգիական բեկումը» պլենար նիստը, որի ժամանակ ելույթ կունենան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, ԵԱՏՄ կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մոսկվայի կառավարության նախարար Վլադիմիր Պետրոսյանը:
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցի ԱՄՆ-ից ներկայացուցչական պատվիրակություն, մասնավորապես՝ Ռուդոլֆ Ջուլիանին՝ ԱՄՆ նախագահի խորհրդականը, Նյու Յորքի նախկին քաղաքապետը:
Համաժողովի շրջանակներում կկայանա տվյալների բորսա՝ գործնական շրջանակների ներկայացուցիչների համար, ինչպես նաև պլենար նիստեր և կլոր սեղաններ, այդ թվում` հոկտեմբերի 23-ին ժամը 16:30-ին կմեկնարկի Կլոր սեղան՝ նվիրված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների զարգացման և ամրապնդման հարցերին (կազմակերպիչ՝ Ռուսաստանի հայերի միություն):
Հատուկ Կլոր սեղանի աշխատանքին մասնակցելու համար հրավիրվել են տասնյակ գործարարներ Ռուսաստանից, որոնք ծնունդով Հայաստանի սահմանամերձ շրջաններից են: Այս թեմայի առաջին լայն քննարկումը կայացել է Մոսկվայում՝ այս տարվա հուլիսի 8-ին, առաջին համաժողովին, որը նվիրված էր Հայաստանի սահմանամերձ շրջանների զարգացմանը նպաստող հարցերին՝ կազմակերպված Ռուսաստանի հայերի միության կողմից: Դրան մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Հայաստանի կառավարության այլ ներկայացուցիչներ: Ակնկալվում է Տավուշի մարզի մարզպետ Վահե Ղալումյանի, ծնունդով Հայաստանի սահմանամերձ համայնքներից, այժմ սփյուռքում գործարարությամբ զբաղվող գործարարների ելույթները և այլն:
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից, Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ, Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի շրջանակներում կկայանա գիտական նիստ՝ հայազգի ականավոր գիտնականների մասնակցությամբ: Մոդերատորն է Արտյոմ Օգանովը: Օգանովն աշխարհում ամենից շատ մեջբերվող տեսաբան-բյուրեղագետ, հանքագետ, քիմիկիոս, ֆիզիկոս, նյութագետ է: Արտյոմ Օգանովը (Սկոլտեխ) առավել հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի ստեղծման աշխատանքներով և բյուրեղային կառուցվածքների կանխատեսումներով, բարձր ճնշման դեպքում նյութերի վիճակի ուսումնասիրությամբ (մասնավորապես՝ Երկրի և մոլորակների ընդերքներում): 2010 թվականին 34 տարեկանում նա դարձել է Նյու Յորք նահանգի համալսարանի՝ Սթոուն Բրուքի պատմության մեջ ամենաերիտասարդ պրոֆեսորը: 2005 թվականից ավելի քան 10 անգամ եղել է հրավիրված պրոֆեսոր Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի ամենատարբեր համալսարաններում: 2011 թվականին «Forbes» ամսագիրը Արտյոմ Օգանովին ներառել է ամենահաջողակ ռուսաստանցի գիտնականների ցանկում, որոնք աշխատել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում:
Կլոր սեղանի խոսնակների թվում է պրոֆեսոր Հարություն Ավետիսյանը՝ ՌԴ Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրենը և հայտնի ռուս գենետիկ պրոֆեսոր Սուրեն Զաքյանը (Գենետիկայի և բջջաբանության ինստիտուտ):
Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի խոսքով, Հայաստանը ԵԱՏՄ երկրներից ամենափոքրն է: Բայց նույնիսկ նման փոքր երկիրը դառնում է հսկայական, և նրա հնարավորությունները մեծանում են, եթե հաշվի առնենք հայկական սփյուռքի ներուժը:
«Կցանկանայի նշել, որ այս տարի առաջին անգամ մեր համաժողովի շրջանակում կանցկացվի գիտական նստաշրջան` աշխարհահռչակ սփյուռքահայ գիտնականների մասնակցությամբ: Համոզված եմ, որ այս և մյուս նիստում ներկայացված զեկույցները և գիտական հետազոտությունները, պանելային քննարկումները և կլոր սեղանները, մեծ հետաքրքրություն կառաջացնեն բիզնես համայնքի ներկայացուցիչների շրջանում», – նշել է Աբրահամյանը։
Համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը և «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը:
Համաժողովն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ: Այս համաժողովի անցկացմանը և գաղափարին աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Առաջին երկու համաժողովների մասնակիցների թվում են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ու «Սբերբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆը։
Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի բոլոր միջացառումներն անցկացվում են «Մերիդիան» էքսպո-կենտրոնում (ք. Երևան, Ոսկերիչների փողոց, տուն 1)։–0–