ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։
Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։ Մասնավորապես նրանք գրեցին, որ «միլիոնավոր մարդկանց կողմից սիրված ՈՒՀԱ–ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»։ Ադրբեջանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Խիքմետ Գաջիևն էլ իր հերթին հայտարարեց, որ արցախյան թիմի հրավերը հակասում է ՌԴ-ի հետ գործընկերությանը:
ՈՒՀԱ–ն քաղաքականությունից դուրս է
Օրերս ռուսական մամուլը տարածեց ՈՒՀԱ–ի հաղորդավար, «ՏՏՕ ԱՄԻԿ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մասլյակովի հայտարարությունը, որում նա ժխտում է արցախյան թիմի մասնակցությունը Սոչիում ՈՒՀԱ-ի միջազգային փառատոնին։
Մեջբերում
«Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ մի թիմ երբեք չի մասնակցել Սոչիում անցկացվող ՈւՀԱ–ի միջազգային փառատոնին։ ՈւՀԱ–ն միշտ եղել է քաղաքականությունից դուրս և դեմ է ազգամիջյան հակամարտությունների հրահրմանը», – նշել է Մասլյակովը։
Fact check
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կապվեց արցախյան թիմի ներկայացուցիչ Գեորգի Ավետիսյանի հետ, ով հիմա գտնվում է Սոչիում։ Նա տեղեկացրեց, որ թիմն արդեն ելույթ է ունեցել առաջին փուլում և սպասում է արդյունքներին։
«Համաձայն եմ, որ ՈւՀԱ–ն քաղաքականությունից դուրս է, այն երիտասարդական խաղ է, որը խաղում են բազմաթիվ երկրների ուրախ և հնարամիտ երիտասարդներ։ Մեր թիմը Ստեփանակերտից է», – նշեց Ավետիսյանը։
Նա ընդգծեց, որ ակումբի ներկայացուցիչները երբեք չեն միջամտել քաղաքականությանը, երբեք չեն քաղաքականացրել խաղը։
«Մեր միակ նպատակն է հանդես գալ ՈւՀԱ–ում», – նշեց Ավետիսյանը։
Եզրահանգում
Սոչիում ելույթ է ունենում ոչ թե թիմ ԼՂՀ–ից, այլ Ստեփանակերտից։ Այսպիսով, փառատոնին Ստեփանակերտի թիմի մասնակցության կապակցությամբ ադրբեջանական հիստերիան հերթական անգամ ձախողվեց։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում