ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքական biristanbulhayali.com կայքն անդրադարձել է Ստամբուլում կանգուն մնացած ամենահին հյուրատանը, որը, ինչպես նշում է սյունակագիր Ռամազան Բեդյուքը, պատկանել է Կավաֆյան գերդաստանին, հաղորդում է tert.am-ը:
Պարբերականը նշում է, որ հոդվածի հեղինակն այդպես էլ չի խոսում Կավաֆյան ազգանվան հայկական լինելու մասին, նյութում ներկայացված են հյուրատան կառուցման վերաբերյալ տարբեր վարկածներ, որոնցից մեկում միայն հեղինակը խոստովանել է, որ «շատ հնարավոր է՝ հյուրատունը կառուցած լինի հայ ճարտարապետ»:
Ներկայիս Ստամբուլի ամենաշքեղ թաղամասերից Բեբեքում գտնվող հնագույն հյուրատունն արդեն 264 տարեկան է: Հյուրատունը ժամանակակից Ստամբուլում պահպանված ամենահին տունն է:
«1954թ.-ին տան մասին անդրադարձ է ներկայացրել թուրք ճարտարապետ Սեդաթ Հաքքը Էլդեմը, որտեղ Կավաֆյանների հյուրատունն անվանել է «Թուրքական տան ճարտարապետության պահպանված և չաղավաղված օրինակ»», - նշվում է հաղորդագրության մեջ:
Որոշ պատմաբաններ այն համարում են հին հունական տուն, որը հետագայում անցել է հայ ընտանիքի ձեռքն ու վերանվանվել որպես «Կավաֆյանների հյուրատուն», իսկ ոմանք էլ խոստովանում են, որ հյուրատունը կառուցվել է ծագումով Երզնկայից հայ վարպետի կողմից:
Կայքի հաղորդմամբ, տան վերջին բնակիչները եղել են Սամվել և Բեատրիս Կավաֆյանները, որոնք մինչև 1998թ.-ն իրենց իսկ տանն ապրել են որպես տնվոր` այն բանից հետո, երբ 1980թ.-ին թուրքական պետությունը սեփականաշնորհեց հայ ընտանիքի ունեցվածքը: -0-