ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Սևանա լճի լողաշրջանի բացումը կազդարարվի հուլիսի 1–ին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Այդ օրը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Գեղարքունիքի մարզում պաշտոնապես կազդարարի ամառային լողաշրջանի բացումը, կներկայացնի ջրափրկարարական աշխատանքների համար նախատեսված գույքն ու հանդերձանքը:
«Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոններին, ինչպես նաև ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտություններին», – նշվում է հաղորդագրության մեջ։
2013 թ.–ի հուլիսի 1–ից Սևանա լճում գործում է 11 հանրային լողափ։ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` հանրային լողափերում ամեն օր հանգստանում է ավելի քան երկու հազար մարդ։
Սևանա լիճը Կովկասի ամենախոշոր բարձր լեռնային լճերից մեկն է։ Գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։
Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում