ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են Gelandewagen-ի մրցավազքի մասնակից Մառա Բաղդասարյանին:
Ինչպես նախօրեին հայտնել է REN TV-ն, հղում անելով սեփական աղբյուրին, 22-ամյա աղջիկը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները` մեքենան կայանելով մայթին:
Բաղդասարյանը մոտեցել է իր մեքենային, երբ այն ցանկացել են տանել տուգանային հրապարակ։ Նա տուգանվել է: Ստուգման ժամանակ իրավապահները պարզել են, որ աղջիկը 18 չվճարված տուգանք ունի:
«Նա ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման համար», - հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը իրապապահ մարմիններից:
Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Սպասվում է, որ երկուշաբթի` նոյեմբերի 7-ին, տեղի կունենա դատական նիստը, հաղորդում է
Lenta.ru-ն:
Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի ոստիկանությունը հայտնել էր, որ ստուգում է համացանցում Բաղդասարյանի արած հայտարարությունները, որոնք վերաբերում են Mercedes-Benz Gelandewagen մակնիշի ավտոմեքենաներով մրցավազքի մասնակիցների նկատմամբ իրավապահների կողմից հնարավոր անօրինական գործողություններին։
Բաղդասարյանը Facebook-յան իր էջում, մասնավորապես, նշել է մեքենայի սեփականատեր Ռուսլան Շամսուրովից 500 հազար դոլար շորթելու մասին, ով «Lukoil»-ի փոխնախագահի որդին է: Աղջիկը սպառնացել է հրապարակել Մոսկվայի ՆԳՆ վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների ձայնագրությունները։
Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի Գագարինի շրջանի դատարանը դատապարտել է Շամսուարովին և նրա ընկեր Վիկտոր Ուսակովին 300 ժամ պարտադիր աշխատանքների` ոստիկաններին հրապարակային վիրավորելու համար, սակայն անմեղ է ճանաչել իշխանությունների ներկայացուցչի հանդեպ բռնի ուժ կիրառելու սպառնալիքի վերաբերյալ հոդվածով: Երրորդ դատապարտյալ Աբդուվախոբ Մաջիդոբային, ով եղել է ավտոմեքենայի ղեկին, բոլոր հոդվածներով անմեղ են ճանաչել: Gelandewagen-ը բռնագրավվել է պետության օգտին: Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը:
Բաղդասարյանը, ով ևս մեքենայում էր, անցնում էր որպես վկա: «Ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրանքին չհետևելու պատճառով» նրան դատապարտել են վարչական կալանքի10 օր ժամկետով: -0-