ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, բլոգերի Facebook–յան էջում գրել է նրա կինը։
«Նախօրեին նրա հետ խոսակցությունից հետո նրա առողջական վիճակը սկսեց լուրջ մտահոգության տեղիք տալ։ Բացի գլխացավից, որը վերջին մի քանի օրը դարձել էր նրա մշտական «ուղեկիցը», երեկ գիշերը Լապշինի քթից արյուն է եկել։ Ես հարցրեցի նրան, թե ինչ է այդ կապակցությամբ ասում մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց` ոչինչ», – գրել է բլոգերի կինը։
Նա արդեն իրազեկել է այդ մասին և հյուպատոսությանը, և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին։
«Անգամ չեմ կասկածում, որ նրանք կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն, որպեսզի Սաշային ցուցաբերվի որակյալ բժշկական օգնություն, և նա բուժզննում անցնի», – գրել է բլոգերի կինը։
2016 թ.–ի դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, հայտնել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է որքան հնարավոր է շուտ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է Լապշինի արտահանձնմանը։ «Մենք դեմ ենք այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիներին երրորդ երկիր արտահանձնելուն», – նշել է Լավրովը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում