ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով, երեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Հիվանդների ակտիվ հոսպիտալացումն այս տարի սկսվել է փետրվարի վերջին և մինչ օրս շարունակվում է։ Հիվանդացության ցուցանիշն այս տարի կրկնակի պակաս է` նախորդ տարվա համեմատ։ Հիվանդների 97 տոկոսը երեխաներ են, որոնց մեծամասնությունը մինչև 5 տարեկան են», – ասաց Թորոսյանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, նախորդ սեզոնի համեմատ` 2016–2017 թթ–ի սեզոնը բավականին թեթև էր ինչպես հիվանդացության և հիվանդների քանակի, այնպես էլ կլինիկական բարդությունների և հոսպիտալացման տեսակետից։
Սակայն, Թորոսյանի խոսքով, սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների տարածման գագաթնակետը դեռ չի ավարտվել, ինչի կապակցությամբ հանրապետության ստացիոնարներում մինչև հիմա շարունակվում է երեխաների հոսպիտալացումը, ամբուլատոր պոլիկլինիկական այցերի ու շտապօգնության կանչերի թիվը ևս բարձր է։
«Գրիպից և ՍՇՎ–ից մահվան դեպքեր հաշվետու ժամանակաշրջանում չեն գրանցվել, նախոդ տարի H1N1 գրիպի բարդություններից գրանցվել էր մահվան 19 դեպք», – նշեց Թորոսյանը։–0–