ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ խորհրդարանն ուրբաթ նիստի ժամանակ վավերացրել է ՁԻԱՀ–ի, մալարիայի և տուբեկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի հետ կնքած շրջանակային համաձայնագիրը։
Ինչպես նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, համաձայնագրի շրջանակում նախատեսված է, որ հանրապետությունը 2015–2018 թթ.–ին կստանա 15 մլն դոլարի դրամաշնորհ, որից 9,5 մլն դոլարը կուղղվի տուբերկուլյոզի հետ պայքարի ծրագրերի իրականացմանը, իսկ 5,5 մլն դոլարը` ՁԻԱՀ–ի դեմ պայքարին։
«Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են Հայաստանում դեռևս 2003 թ.–ից, և մինչ օրս տրամադրվել է 52 մլն դոլար։ Ծրագրերի շրջանակում տեղական բուժհաստատություններին տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, դեղորայք, իրականացվել են սոցիալական աջակցության ծրագրեր, կազմակերպվել են անձնակազմի ուսուցման դասընթացներ», – ասաց Պողոսյանը։
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` 1988 թ.–ից մինչև 2015 թ.–ի սեպտեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում հանրապետության քաղաքացիների շրջանում գրանցվել է ՁԻԱՀ–ի վարակման 2171 դեպք, որից 1498–ը տղամարդիկ են (69%), 673–ը` կանայք (31%), ինչպես նաև 41 երեխա (1,9%)։
Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տվյալներով` Հայաստանում 2013 թ.–ին գրանցվել է հիվանդության 1055 նոր դեպք։ Այսօրվա դրությամբ Հայաստանում տուբերկուլյոզից բուժում է ստանում մոտ հազար հիվանդ։
Գլոբալ հիմնադրամը բացառիկ գլոբալ պետական–մասնավոր գործընկերություն է, որը ստեղծվել է 2002 թ.–ին լրացուցիչ ռեսուրսների ներգրավման և բաշխման համար` ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, տուբերկուլյոզի և մալարիայի կանխարգելման և բուժման նպատակով։ –0–