ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել հակամենաշնորհ մարմնին պարզաբանել դեպի Ռուսաստան ավիատոմսերի գների եռակի աճը:
Պատգամավորը դիմում է ներկայացրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` պահանջելով պարզաբանել ավիատոմսերի գների կտրուկ աճը:
«Օգտվելով այն հագամանքից, որ «Վերին Լարս» անցակետը ժամանակավորապես փակ է, ավիաընկերությունները բարձրացրել են դեպի Ռուսատան (հատկապես Մոսկվա) ուղղության ավիատոմսերի արժեքը, և, այսօրվա դրությամբ, դրանք գրեթե երեք անգամ ավելի թանկ են, քան սովորաբար: Փաստացիորեն, ընկերությունները, քաղաքացիական իրավունքը խախտելու հաշվին, փորձում են ապահովել գերեկամուտ», - ասել է Մարուքյանը:
Ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետրանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։ Անվտանգության նկատառումներից ելնելով` այդ հատվածը երթևեկության համար փակվել է։
Պատգամավորի խոսքով, հիմքեր կան ենթադրելու, որ ավիաընկերությունները պայմանավորվել են միաժամանակ բարձրացնել տոմսերի արժեքը, քանի որ ներկա պահին թանկացման այլ պատճառներ չեն եղել: «Ավիացիոն վառելիքի արժեքն էականորեն չի փոխվել, չկան նաև այլ օբյեկտիվ պատճառներ, որոնք կարող են ազդել ավիատոմսերի արժեքի վրա: Ես առաջարկում եմ վարույթ հարուցել և միջոցների դիմել` ավիատոմսերի արդար գները վերականգնելու համար, ինչպես նաև` մեղավորներին պատասխանատվության ենթարկել», - ասել է Մարուքյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում