ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Բրիտանացի գիտնականների կարծիքով` հղիների կողմից մուլտիվիտամինների ընդունումը գումարի անիմաստ վատնում է:
Ինչպես նշվում է Drug and Therapeutics Bulletin ամսագրում հրապարակված հոդվածում, ապագա մայրերի մեծամասնությանը վիտամինային հավելումներն ուղղակի պետք չեն, հայտնում է
BBC-ի-ի ռուսական ծառայությունը:
Գիտնականները պնդում են, որ հղիների համար, հատկապես հղիության առաջին եռամսյակում, իսկապես կարևոր է ֆոլաթթվի և վիտամին D-ի ընդունումը:
«Միակ սննդային հավելումները, որոնք խորհուրդ են տրվում բոլոր կանանց հղիության ժամանակ, ֆոլաթթուն և վիտամին D-ն են, որոնք հասանելի են համեմատաբար ցածր գնով», - նշվում է հետազոտության մեջ:
Գիտնականները նաև նշում են, որ չեն գտել այն բանի ապացույցները, որ մուլտիվիտամինային կոմպլեքսները բարելավում են մոր և երեխայի առողջությունը:
Գիտնականները խորհուրդ են տալիս հղի կանանց պարտադիր ընդունել ֆոլաթթու և վիտամին D, ինչպես նաև հետևել հավասարակշռված սննդակարգի:
Մեծ Բրիտանիայի մանկաբարձների քոլեջի աշխատակից Ջանեթ Ֆայլը նշում է. «Մենք ցանկանում ենք կոչ անել բոլոր հղիներին և նրանց, ովքեր ցանկանում են հղիանալ, ընդունել առողջ սնունդ, օգտագործել թարմ միրգ և բանջարեղեն, ինչպես նաև ընդունել ֆոլաթթու»:
Հետազոտողների տվյալներով, հստակ ապացույցներ կան ֆոլաթթվի ընդունման օգտակարության մասին: Օրական 0.4 միլիգրամ ֆոլաթթվի ընդունումը կարող է պաշտպանել պտղի անոմալ զարգացումից՝ օրինակ նյարդային խողովակի արատից:
Օրական 10 մգ վիտամին D-ի ընդունումը կօգնի մոր և երեխայի առողջ ոսկորների զարգացմանն ու պահպանմանը:
Գիտնականները զգուշացնում են վիտամինների չարաշահման մասին: Պտղին կարող է վնասել A վիտամինի չափազանց շատ օգտագործումը:
Ոտե՞լ երկուսի փոխարեն:
Հետազոտության մեջ գիտնականները նաև նշում են, որ հղիները կարիք չունեն ուտել երկուսի փոխարեն:
«Դա առասպել է: Ընդամենը անհրաժեշտ է նորմալ, հավասարակշռված սնունդ», - նշում է Ջանեթ Ֆայլը:
Վիտամինային հավելումների արտադրողներն էլ պնդում են, որ ոչ բոլոր կանայք են ստանում սննդարար նյութերի անհրաժեշտ քանակ:
Առողջ սնունդ արտադրողների միությունը (Health Food Manufacturers' Association), որը ներկայացնում է սննդային հավելումների արդյունաբերության ոլորտը, պնդում է, որ վերարտադրողական տարիքի կանանց զգալի մասը օրվա սննդի միջոցով չի ստանում սննդարար նյութերի անհրաժեշտ քանակը:
Հավելումներ արտադրողների կողմից ֆինանսավորվող Սննդային հավելումների տեղեկատվական կենտրոնն իր հերթին նշում է, որ սննդային հավելումները կարող են օգնել վերացնել այս կամ այն սննդակարգի թերությունները կամ դրա բացակայությունը: -0-