ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հնգամյա որդու սպանության մեջ մեղադրվող Արամազդ Անդրեսյանը, ով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչ է, իրեն բավականին տարօրինակ է պահել Նևադա նահանգի դատարանի դահլիճում` երեքշաբթի կայացած դատական առաջին նիստի ժամանակ, հաղորդում է
Daily Mail–ը։
Խուզարկուները կարծում են, որ Անդրեսյանը սպանել է սեփական որդուն` փորձելով վրեժխնդիր լինել իր նախկին կնոջից` Անա Էստևեզից, ում հետ նրանք կիսել են երեխայի խնամակալության իրավունքները։ Մայրը որդուն վերջին անգալ տեսել է ապրիլի 18–ին` շփվելով նրա հետ տեսակապի միջոցով, երբ նա հոր հետ է եղել։ Էստևեզը նախատեսել է որդու հետ կրկին տեսակապի դուրս գալ ապրիլի 20–ին, ինչն այդպես էլ տեղի չի ունեցել։
«Իմ սիրտը կոտրված է, ես անսահման կարոտելու եմ որդուս իմ մնացած կյանքի յուրաքանչյուր օրվա յուրաքանչյուր վայրկյանի ընթացքում», – նշվում է երեխայի մոր հայտարարության մեջ։
Փոքրիկն անհետ կորած է համարվել երկու ամիս առաջ, երբ Անդրեսյանը Դիսնեյլենդ այցից հետո չի վերադարձնել որդուն նախկին կնոջը։
Աղբյուրի հաղորդմամբ, փոքրիկին վերջին անգամ տեսել են հոր հետ Դիսնեյլենդից դուրս գալիս ապրիլի 21–ին գիշերը ժամը 01–ի սահմաններում։
Երեխայի դին չի գտնվել, սակայն ոստիկանությունը կալանավորել է Անդրեսյանին հունիսի 23–ին սպանության կասկածանքով։
Անդրեսյանը երեխայի անհետանալուց հետո մեկնել է Լաս Վեգաս։ Ոստիկանների խոսքերով, Լաս Վեգասում Անդրեսյանն իրեն ամենևին չէր պահում սգացող ծնողի նման։
Երեքշաբթի դատարանում իր ելույթի ժամանակ Անդրեսյանը հայտարարել է, որ չի փորձել թաքնվել Կալիֆոռնիայի իշխանություններից `գտնվելով 47 օր Լաս Վեգասի հյուրանոցներից մեկում։ Անդրեսյանն այդ ընթացքում ժպտացել է և կատակել` քննարկելով Կալիֆոռնիա վերադառնալու մանրամասները։
Դեռ պարզ չէ, թե երբ նա կուղարկվի Կալիֆոռնիա։ Հիմա նրան պահում են Նևադայի բանտերից մեկում։
Անդրեսյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի վնասել որդուն և անմեղ է։
Եթե Անդրեսյանն, այնուամենայնիվ, մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 25 տարվա ազատազրկում։–0–