ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. 2019թ. ամառային զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել կանխատեսվածից մոտ 15 տոկոս ավելի քաղաքացի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, տոկոսը հիմնականում կապված է մեր քաղաքացիների հայրենիք վերադարձի, կամավոր ներկայանալու հետ, ինչպես նաև այլ աշխատանքների:
Ընդհանուր զորակոչված զինծառայողներից շուրջ 120 զինծառայողներ հատուկ քննությամբ կատարված ընտրության արդյունքում զորակոչվել են տեխնոլոգիական վաշտ, արդի տեխնոլոգիաների մշակման խումբ և այլ հատուկ ստորաբաժանումներ:
«89-ը քաղաքացի զորակոչվել են «Ես եմ» ծրագրով: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր է կնքել 290 քաղաքացի», - գրել է նա:
Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 196 քաղաքացու ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է տարկետում: «Շնորհավորում ենք բոլորին և մաղթում բարի ծառայություն», - հավելել է Արծրուն Հովհաննիսյանը:-0-