ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից:
Տարիքի հետ մեր արյան մեջ ավելանում է բորբոքային իմունային ինտերլեյքին-1 կոչվող սպիտակուցի մակարդակը, ինչը հանգեցնում է արյունատար անոթների հետ կապված խնդիրների, բարձր ճնշման, և, հետևաբար, մեծանում է սիրտ-անոթային պատճառներից վաղաժամ մահվան ռիսկը:
Դա հաստատվում է ինչպես վիճակագրական վերլուծությամբ, այնպես էլ կենդանիների հետ գիտափորձերով:
Մյուս կողմից, որոշ տարեց մարդկանց մոտ ինտերլեյքին-1-բետա գենն այդքան էլ ակտիվ չի աշխատում, որքան պետք է աշխատեր նրանց տարիքում:
Nature Medicine ամսագրում հրապարակած հոդվածում Սթենֆորդի մասնագետները ֆրանսիացի գործընկերների հետ գրում են որ, դրա պատճառը կոֆեինն ու դրա փոխանակման նյութերն են, գրում է
nkj.ru-ն: Այն տարեց մարդիկ, ում ինտերլեյքին-1-բետա-ի մակարդակն ավելի ցածր է, իսկապես կոֆեին պարունակող ավելի շատ ըմպելիքներ են խմում:
Երբ գիտափորձի ընթացքում իմունային բջիջներին ավելացրին բորբոքում առաջացնող նյութեր, իսկ այնուհետև ավելացրին կոֆեին, ապա բորբոքային պատասխանը թույլ էր՝ կոֆեինը խոչընդոտեց բորբոքային ազդանշանային սպիտակուցները կոդավորող գեների ակտիվացմանը:
Այլ կերպ ասած՝ սուրճը, ավելի ճիշտ՝ կոֆեինը, միջամտելով իմունիտետի կարգավորմանը, նվազեցնում է ֆոնային բորբոքումը և դրանով իսկ օգնում սրտին և անոթներին առողջ լինել: -0-