ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ մոդել, ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան` ելույթ ունենալու WCIT 2019 23-րդ համաշխարհային համաժողովում, որը կանցկացվի Երևանում այս տարվա հոկտեմբերի 6-9–ը։
Ինչպես նշեցին միջոցառման կազմակերպիչները, Քարդաշյանը հանդես կգա որպես հիմնական զեկուցող և պանելիստ։
«Քիմ Քարդաշյան Վեսթը Հայաստան է գալիս մասնակցելու ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին․ Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին»,– ասվում է կազմակերպիչների հայտարարությունում։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, այնուհետև դեմ առ դեմ հարցազրույց կունենա, իսկ ավելի ուշ կմիանա բանավեճի ականավոր մասնակիցներին, որոնց թվում է լինելու համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։
Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձևության հավաքածուն, ի լրումն «KKW BEAUTY» և «KKW Fragrance» հավաքածուների, որոնք թողարկվել են 2017 թվականին։
«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6-9–ը։ Հայկական կողմից կազմակերպիչն է` Առաջադեմ տեխնոլոգիաների ընկերությունների միությունը Հայաստանի կառավարության հովանու ներքո և օժանդակությամբ։
Загружается новость ...
"Право"
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։
«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ -0-