ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Facebook–ը մշակում է մեթոդներ, որոնք թույլ են տալիս մարդկանց կառավարել համակարգիչը մտքի ուժով` առանց ծայրամասային սարքերի կիրառման։
Այդ մասին չորեքշաբթի հայտնել է ընկերության` համապատասխան հետազոտություններով զբաղվող Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանը, գրում է
telecom.arka.am–ը` հղում անելով ՏԱՍՍ–ին։
Ուղեղից դեպի էկրան
«Իսկ ինչ կլիներ, եթե դուք կարողանայիք մտքերը գրառել անմիջականորեն։ Դա աներևակայելի է թվում, բայդ դա հնարավոր կլինի, հավանաբար, ավելի շուտ, քան դուք ենթադրում եք»,– ասել է նա Սան Խոսե քաղաքում Facebook–ի կազմակերպած F8 ճյուղային համաժողովի ժամանակ։
Աշխատակցուհին նշել է, որ ընկերության առաջիկա խնդիրը մի համակարգ ստեղծելն է, որը թույլ կտար րոպեում 100 բառ գրել և չպահանջեր որևէ տարրի ներկառուցում մարդու մարմնում։
Facebook–ում, մասնավորապես, դիտարկում են հատուկ ընդունիչ սարքերի օգնությամբ հետևել լռող մարդու ուղեղում խոսքի կենտրոնների ակտիվությանը և հաղորդել տեղեկությունը համակարգչին։ Միաժամանակ, Դուգանը հավաստիացրել է, որ ընկերությունը չի մշակելու համակարգեր, որոնք «կապակոդավորեին մարդկանց պատահական մտքերը»։
«Կարելի է սա այսպես պատկերացնել` դուք շատ եք լուսանկարում, բայց ոչ բոլորն եք հրապարակում։ Նույն կերպ էլ շատ մտքեր ունեք, բայց հայտնում եք միայն մի քանիսը»,– ասել է Facebook–ի աշխատողը։
Լսել մաշկով
Դուգանը պատմել է նաև, որ Facebook–ը մշակում է տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս խուլերին ընկալել ձայները։ Խոսքը գնում է ձայնը տատանման (վիբրացիայի) և այլ ազդանշանների վերածելու մասին, որոնք օգտատերը զգում է իր մաշկով։ -0-