ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ կից հաղորդագրությունում նշելով, որ Ռուսաստանից ստացել է զինտեխնիկայի և զինամթերքի հերթական խմբաքանակը:
razm.info–ի հաղորդմամբ, հրապարակված տեսանյութում երևում են ռուսաստանյան արտադրության ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի МО.1.01.04М արդիականացված հրթիռներ:
Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է առնվազն 400 միավոր նման հրթիռ:
Ադրբեջանին մատկարարված հրթիռների մարտավարատեխնիկական հետևյալ բնութագիրն ունի. տրամաչափը՝ 220 մմ, զանգվածը՝ 217 կգ, առավելագույն հեռահարությունը՝ 6000 մ, նվազագույն հեռահարությունը՝ 1600 մ:
Загружается новость ...
"Право"
Աղբյուրի հաղորդմամբ, Ադրբեջանը ՏՕՍ-1Ա հրանետերը (արձակման կայանները) գնել է դեռևս 2011-2013 թվականներին կնքված պայմանագրերով: Արդեն 2016 թվականին այս համակարգերը հայկական բանակի դեմ կիրառվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ:
Հայաստանը նույնպես գնում է այս հրանետերից: Ռուսաստանից ստացած 200 մլն դոլար վարկով գնվող սպառազինության մեջ նշված է նաև հենց այս զինատեսակը:
Ապրիլի 2-ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ակտիվ մարտական գործողություններ է վարել` գնդակոծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերն ու բնակավայրերը շփման գծի գրեթե ողջ երկայնքով հրթիռահրետանային զենքի, զրահատեխնիկայի և ավիացիայի կիրառմամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները` պատճառելով թշնամուն կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ։ -0-