484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը պատասխանել է Թուրքիայի նախագահի նամակ-հրավերին
19:52
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահը նամակում նշել է, որ, հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության պատմության ամենազարհուրելի էջերից է, որ միլիոնավոր անմեղ մարդկային կորուստների և ճակատագրերի խեղման պատճառ դարձավ:

«Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը. սպա, որ նվիրվել էր կայսրության պաշտպանության ու անվտանգության ապահովմանը և հավատարիմ ծառայության ու սխրանքների համար Օսմանյան կայսրության կողմից արժանացել էր ռազմական պարգևների: Մինչդեռ, նույն թվականին իր գագաթնակետին հասած՝ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ նախապես ծրագրված և իրականացված զանգվածային ջարդերի ու բռնի տեղահանման ալիքը չշրջանցեց անգամ Սարգիս Թորոսյանին: Ցեղասպանությանը զոհ գնացած մեկուկես միլիոն հայերի թվում էին նրա ծնողները, ովքեր դաժանաբար սպանվեցին, իսկ քույրը մահացավ Սիրիայի անապատում»,– նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հիշեցրել է, ո հենց նախադեպը չունեցող այդ կոտորածի արդյունքում էր, որ Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, և դրա անպատժելիությունն էր, որ հող նախապատրաստեց Հոլոքոստի և Ռուանդայում, Կամբոջայում ու Դարֆուրում ցեղասպանությունների համար:

«Ըստ Ձեզ՝ Գալիպոլիի մարտերը ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ աշխարհի համար պատերազմից ծնունդ առած բարեկամական հարաբերությունների առանձնահատուկ օրինակ են, իսկ ճակատամարտի դաշտը՝ պատերազմի դառը ժառանգության մասին հիշեցնող խաղաղության և բարեկամության հուշարձան: Մի կողմ թողնելով բոլորին քաջ հայտնի Գալիպոլիի ճակատամարտի նշանակությունը կամ Թուրքիայի վիճահարույց դերակատարությունը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում՝ անհրաժեշտ է հիշել, որ խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա»,– ասված է նամակում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ավաղ, Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Սերժ Սարգսյանը Էրդողանին խորհուրդ է տալիս համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

«Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»,– նշում է Հայաստանի նախագահը:

Նամակի հետգրության մեջ Սերժ Սարգսյանը գրում է. «Հ.Գ. Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։