ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտում լճացման փուլ է, կարծում է հայ քաղաքական տեխնոլոգ և վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` գնահատելով Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում երկրում տիրող իրավիճակը։
Սարգսյանը վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների ընթացքում` ստանալով քվեների 58,64 տոկոսը։ Ընտրությունների արդյունքում պարտված «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը (36,74%) չի ընդունել քվեարկության արդյունքները։
«Ոչինչ իրականում չի փոխվում։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ ընդհանուր առմամբ հասարակությունում առկա է որոշակի ապատիա և անտարբերություն ամեն ինչի նկատմամբ», – «Նովոստի–Արմենիա» գործակալության հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` հանրապետությունում տեղի են ունեցել գործընթացներ, որոնք անմիջականորեն հարվածել են բնակչության գրպանին, սակայն անգամ այդ խնդիրները չբարձրացրին բողոքի լուրջ ալիք (նախորդ տարվա ամռանը կտրուկ թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները, «Նովոստի–Արմենիա»)։
«Այժմ լճացման ժամանակահատված է իշխանական դաշտում, որտեղ կարծում են, որ ոչինչ չի կարելի փոխել, և ամեն ինչ նորմալ է։ Նմանատիպ իրավիճակ, պասիվություն է նկատվում նաև ընդդիմադիր դաշտում», – նշել է փորձագետը։
Նրա խոսքով` Սարգսյանի վերընտրումից հետո ներքին քաղաքականության մեջ և հատկապես սոցիալ–տնտեսական ոլորտում առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել, ինչը կտարբերեր այս տարին նախորդ տարիներից։
«Պահպանվում է բացասական իրավիճակը տնտեսական ոլորտում, պահպանվում են բնակչության արտագաղթի տեմպերը, ինչն ամենատագնապալին է։ Սոցիալ–տնտեսական ոլորտում բարելավման իմաստով ոչինչ տեղի չի ունեցել։ Նույնիսկ պաշտոնական տվյալներով, փաստորեն, չի հաջողվել հասնել նախատեսված ցուցանիշներին», – ասաց Հակոբյանը։
Խոսելով պարբերաբար անցկացվող բողոքի ակցիաների մասին` փորձագետն ընդգծեց, թե դրանք վկայում են, որ «ամեն ինչ նորմալ չէ»։
«Ինձ թվում է, որ ամենահարմար ժամանակը չէ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացի համար, քանի որ այն սկսվել է կառավարության նկատմամբ բնակչության վստահության սինուսոիդի ամենահատակում», – ասել է փորձագետը։
Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Օրենքի դեմ բողոքող քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն հավատում, որ կենսաթոշակային ֆոնդերում պարտադիր կարգով ներդրվող գումարները նրանց արժանի կենսաթոշակ կապահովեն և կոչ են անում իշխանություններին հրաժարվել այդ գաղափարից։
Հայաստանի ՍԴ–ն հունվարի 24–ին կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ մինչև օրենքի ութ հոդվածների սահմանադրականության մասին գործի քննության ավարտը` 2014 թվականի մարտին 28–ին։
Հակոբյանի խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այս ժամանակահատվածում բավականին փոփոխական էր, և այն կարելի է բաժանել 2 ժամանակահատվածի` «մինչև սեպտեմբերի 3–ը» (այդ օրը ընդունվեց ՄՄ Հայաստանի մուտքի մասին որոշումը) և այդ ամսաթվից հետո։
«Ամենակարևոր իրադարձությունը արտաքին քաղաքական դաշտում ՄՄ մտնելու մասին որոշումն է։ Սակայն կրկին ցանկանում եմ ընդգծել, որ որոշումն ինքնին չէր բխում դրանից առաջ գոյություն ունեցող իրողություններից։ Անընդհատ հայտարարվում էր, որ ԵՄ–ի հետ ասոցացման փաստաթղթեր են ստորագրվելու, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Այսինքն, այդ ամենը տրամաբանորեն չէր բխում նախորդ գործընթացներից, որոնց մենք ականատես էինք», – ասաց փորձագետը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–