ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակում, երկուշաբթի ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում:
«Այսօր մեկնում եմ Նյու Յորք, և այցի ընթացքում մենք դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք վեց նոր երկրների հետ»,- ասաց Նալբանդյանը` չնշելով երկրների անունները:
Նա նաև ընդգծեց, որ տարեցտարի երկրի արտաքին քաղաքական կապերն ընդլայնվում են: Նրա խոսքով, դա բարդ գործընթաց է, որտեղ պետք է կապեր հաստատել, նամակագրություն և բանակցություններ վարել: Նալբանդյանը նշեց, որ միշտ չէ, որ հաջողվում է անհրաժեշտ հարթակներ գտնել:
Загружается новость ... "Лево"
«ՄԱԿ Գերագույն ասամբլեան լավ հարթակ է»,- ասաց Նալբանդյանը:
Նա ավելացրեց, որ հաջորդ տարի Հայաստանը նախագահելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որի անդամ կամ ասոցացված անդամ է հանդիսանում 84 երկիր:
«Դա նույնպես հարթակ է, այդ երկրներից ոչ բոլորի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ»,- նշեց Նալբանդյանը:
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը, որը կտևի մինչև սեպտեմբերի 20–ը։
Համաժողովը նվիրված է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին, ինչպես նաև «Էրեբունի–Երևան 2800» տոնին։ -0-