ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ, հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համահայկական կարևորություն ունեցող օրակարգային հարցերին, Ամերիկայի հայկական համագումարի գործունեության առաջնահերթություններին, դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին ու դրանց հետագա ամրապնդման և խորացման հնարավորություններին:
Զրուցակիցները խոսել են նաև միջազգային արդի խնդիրների, Հարավային Կովկասի տարածաշրջանի մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի ու առկա խնդիրների, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով առաջացած փախստականների հիմնախնդրի մասին:
«Այդ համատեքստում ՀՀ Նախագահը և Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամները քննարկել են Սիրիայի մեր հայրենակիցներին, ինչպես նաև ռազմական գործողություններից տուժած Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի Հանրապետության և հայկական տարբեր կազմակերպությունների կողմից համատեղ ջանքերով ցուցաբերվող աջակցությանը վերաբերող հարցեր»,– ասվում է հաղորդման մեջ։
Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքն ու հեռանկարը, Հայաստանի նոր կառավարությունից ունեցած ակնկալիքները:
Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում այսօր երեկոյան Նախագահը կմասնակցի «Հայաստան» ներդրումային համաժողովին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում