ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդին Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիան իրականացրել է հույների, ասորիների և հայերի ցեղասպանությունը։
«Ես նաև հիշեցնում եմ նրան ցեղասպանության մասին, որը Թուրքիան իրականացրել է հույների, ասորիների և հայերի նկատմամբ։ Նրանք իրականացրել են Փոքր Ասիայի բոլոր քրիստոնյաների էթնիկ զտում»,– դիմել է Յաիր Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Իր հրապարակման մեջ նա նաև նշել է, որ իրականում Ստամբուլը Կոստանդնուպոլիսն է, որը Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն էր և ուղղափառ քրիստոնեության կենտրոնը թուրքական օկուպացիայից հազար տարի առաջ։
Յաիր Նեթանյահուի գրառումը հայտնվել է Թվիթերում ի սատարումն իր հոր գրառման, որում Բենյամին Նեթանյահուն Էդրողանին բռնապետ է անվանել։
Իսրայելի վարչապետի որդին առաջին անգամ չէ, որ հիշատակում է Հայոց ցեղասպանությունը։ Նախորդ անգամ նա բարձրացրել էր այս թեման անցյալ տարվա մայիսին։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում