ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Ժնևում, ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, արտաքին կապերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում:
«Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում երկրի նախագահը տեղեկություն ներկայացրեց Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի և ԵՏՄ գերագույն խորհրդի նիստերի վերաբերյալ: Մենք նաև անդրադարձանք Հայաստանի և Ադրբեջանի` հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել է ԵԱՀԿ ՄԽ-ն»,- ասաց նա:
Աշոտյանը նշեց նաև, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, Հայաստանի նախագահը, այնուամենայնիվ, հավատարիմ մնալով բանակցային գործընթացի ձևաչափին, կմասնակցի հանդիպմանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Սարգսյան-Ալիև հանդիպումը չկայացավ Սոչիում, ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ այն «ի սկզբանե նախատեսած չէր»:
Խոսելով առաջիկա հանդիպման մասին` նա նշեց, որ վիեննական և սանկտպետերբուրգյան սկզբունքները մնում են բանակցային սեղանին:
«Բանակցային հաջող գործընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել, ԵԱՀԿ առաքելությանն ավելի մեծ լիազորություններ տրամադրել, սահմանում միջադեպերի քննության հուսալի մեխանիզմներ ստեղծել, այլ կերպ ասած` վերականգնել մեր հարևանների նկատմամբ նախքան ապրիլյան պատերազմը եղած վստահության առկա, թեև շատ թույլ թելերը»,- ասաց նա, ավելացնելով, որ բանակցային գործընթացը շարունակվում է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում