478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է ավելի ակտիվ պայքարել ընտրախախտումների դեմ
16:04
22 Նոյեմբերի 2010

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն առաջարկում է բարձրացնել քարոզարշավի արդյունավետությունը, բարձրացնել հանրապետությունում ընտրական գործընթացների ժամանակ ընտրախախտումների դեմ պայքարում իրավապահ մարմինների ներգրավվածությունը:

Ինչպես երկուշաբթի «Հայաստանի ներկայացրած ընտրական օրենսգիրքը և միջազգային հեռանկարները» համաժողովի ժամանակ նշեց «Ժառանգություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները մի քանի խնդիր են նշում Հայաստանի ընտրական գործընթացներում, մասնավորապես՝ ընտրողների կողմից մեկ անգամից ավել քվեարկության դեպքերը, քարոզարշավի և քվեարկության ընթացքի իրավական վերահսկողության անկատարելիությունը, քաղաքականության մեջ կնոջ ներգրավվածության անբավարար մակարդակը, ինչպես նաև ընտրողների կաշառվածությունը:

Պատգամավորն ընդգծեց, որ ընդդիմությունն առանձնահատուկ կարևորում է այս խնդիրների լուծումը, մեխանիզմների մշակումը, որոնք կբացառեն կրկնակի քվեարկության հնարավորությունը, հավասար պայմաններ կապահովեն ընդդիմության և իշխանության համար: Սաֆարյանն ավելացրեց, որ կուսակցության ընտրացուցակներում շուրջ 30 տոկոսը պետք է կանայք լինեն:

«Լավ ընտրություններ անցկացնելու համար բավական է Հայաստանի գործող Ընտրական օրենսգիրքը: Դրա համար միայն հարկավոր է իշխանությունների քաղաքական կամքը, գործընթացի թափանցիկությունն ու դրա մեջ բոլոր ուժերի ներգրավվածությունը», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքերով, 2008թ.-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխման աշխատանքային խմբի աշխատանքների ժամանակ խմբի առաջարկների մեծ մասը հավանության արժանացավ, սակայն որոշների շուրջ փոխհամաձայնություն ձեռք չբերվեց: Ինչպես հիշեցրեց Սաֆարյանը, խմբի աշխատանքն ավարտվեց նույն 2008թ.-ին:

«Այդ պատճառով մեզ համար անսպասելի էր, երբ խումբն առանց ընդդիմության մասնակցության Վենետիկի հանձնաժողով փոփոխությունների միանգամից երկու օրինագիծ ներկայացրեց», - ասաց պատգամավորն՝ ավելացնելով, որ ընդդիմությունը ստիպված էր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների այլընտրանքային օրինագիծ մշակել:

Սաֆարյանը նշեց, որ համաժողովը կարող է օգնել մերձեցնել իշխանության և ընդդիմության տեսակետները, միավորել Ընտրական օրենսգրքում կողմերի առաջարկած փոփոխությունները:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համաժողովի մասնակիցներին հղած իր նամակում նշել է, որ ամեն անգամ, երբ Հայաստանում սկիզբ է առնում հերթական նախընտրական շրջանը, հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ, իշխանությունները բուռն գործունեություն են ծավալում ՀՀ Ընտրական օրենսգրքի բարելավման, կատարելագործման և եվրոպական չափանիշներին հասցնելու ուղղությամբ: Իր նամակում Հովհաննիսյանը հայտարարել է, որ արդար ընտրություններ անցկացնելու համար պետք է մատչելի դարձնել քվեարկություններին մասնակցած ընտրողների անվանացանկերը:

«Այս առաջարկն առաջին անգամ չի հնչում: Մեր կուսակցության կողմից այն բազմիցս ներկայացվել է, սակայն ՀՀ իշխանությունների կողմից ընտրության գաղտնիության պատրվակով միշտ մերժվել է... Ընտրողների մասնակցության գաղտնիությունը զուտ ձևական բնույթ է կրում: Դատեք ինքներդ. երկրում կա մոտ երկու հազար ընտրական տեղամաս, յուրաքանչյուր տեղամասում ընտրության պահին գտնվում են հանձնաժողովի յոթ անդամներ, կուսակցությունների և մեծամասնական թեկնածուների երկու-երեք տասնյակ վստահված անձիք, բազմաթիվ առաքելություններ ներկայացնող դիտորդներ և այլն: Դրան գումարենք ոստիկաններին, լրագրողներին, հենց իրենց՝ ընտրողներին, և պարզ թվաբանական հաշվարկը ցույց կտա, որ ընտրությանը քաղաքացիների մասնակցելու փաստին այս կամ այն չափով տեղեկացված է առնվազն քառորդ միլիոն մարդ», - կարծում է Հովհաննիսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ գաղտնի պետք է մնա ոչ թե ընտրություններին մասնակցելու փաստը, այլ ինքը քվեն՝ այն, թե ինչպես է քվեարկել քաղաքացին:

«Հայաստանի ներկայացրած ընտրական օրենսգիրքը և միջազգային հեռանկարները» համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Ազգային ժողովը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում, ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, USAID-ի հայաստանյան առաքելությունն ու Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES):-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: