485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն վախենում է հայ գերու մահվան պատճառների բացահայտումից. ՀՀ ՊՆ
11:49
11 Հոկտեմբերի 2010

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշում է ադրբեջանական գերության մեջ մահացած ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մարմինը հարազատներին վերադարձնելու հարցի շահարկումների մասին:

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությունը, հայտնում են, որ  հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը 03:00-ին ինքնասպանություն է գործել սեպտեմբերի 11-ից Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Ըստ հաղորդագրության՝ Սարիբեկյանի  պարանոցի վրա հայտնաբերվել է կախվողներին բնորոշ հետք, իսկ դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա բռնության հետքեր չի հայտնաբերել: Հայաստանում այս միջադեպը որակում են որպես սպանություն:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ դրան (մարմնի վերադարձը) կհետևեն նրա մահվան իրական պատճառների բացահայտումները», - նշվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ն հույս է հայտնել, որ այս խնդիրն արդեն իսկ իրավասու ատյանների սեղանին է, և այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունքը չի ուշանա` պատժամիջոցների կիրառման հետ մեկտեղ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են նաև Ադրբեջանի ՊՆ լրատվական ծառայության ղեկավար, գնդապետ-լեյտենանտ Էլդար Սաբիրօղլուի խոսքերը, ով կրկին փորձել է Ադրբեջանում «խորհրդավոր հանգամանքներում մահացած» ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանին ներկայացնել որպես ՀՀ հատուկ ծառայությունների կողմից հատուկ առաջադրանքով Ադրբեջան ուղարկված դիվերսանտ:

Սաբիրօղլուն կրկին հայտարարել է, թե Սարիբեկյանն ինքնասպան է եղել՝ որպես հիմնական փաստարկ նշելով, թե «հետախույզներին չեն սպանում, նրանց օգտագործում են»:

«Հերքելով կատարվածի համար ադրբեջանական կողմի պատասխանատվությունը` նա անհեթեթ համեմատություններ է արել, սին ենթադրություններ, ըստ որոնց` «հետախույզ» Սարիբեկյանի «ինքնասպանությունը» օրինաչափ էր», - նշվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

«Այս առումով հարկ ենք համարում հիշեցնել Սաբիրօղլուին և Ադրբեջանի իշխանություներին, որ վերջին շրջանում ադրբեջանական մի շարք «անկախ» լրատվամիջոցներ ակնհայտ քարոզչական նպատակներով տեղեկություններ էին հրապարակել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողների վերաբերյալ` իբրև թե նրանց նկատմամբ ցուցաբերվող «մարդկային վերաբերմունքի» մասին»: Վերջին՝ Սարիբեկյանի «հարցազրույցի» տեսագրությունը տարածվեց սեպտեմբերի 17-ին, որն ընդամենը հայ երիտասարդի նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման արդյունք էր և ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ հնարքը», - նշվում է հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ում կարծում են, որ նման քայլերով Ադրբեջանը քանիցս կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի», «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի դրույթները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հրավիրել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքը կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը», - նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավական այլ նորմերին, ինչպես նախկինում, այնպես էլ 2010թ. ընթացքում միակողմանիորեն Ադրբեջանին է վերադարձրել սահմանախախտներին և դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական կողմում մնացած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների դիակները:

Մասնավորապես, 2010թ. ապրիլի 3-ին միակողմանիորեն Ադրբեջանին են վերադարձվել ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի երկու անդամների դիակները:

Ապրիլի 7-ին ադրբեջանական կողմին է հանձնվել ԱՀ ԶՈւ զինծառայող, սահմանախախտ Հասանով Ռաֆիկ Ռահման օղլին, ում, ի դեպ, Ադրբեջանի իշխանությունները դատապարտել են 13 տարվա ազատազրկման:

«Փաստ է, որ նախկինում ևս ադրբեջանական կողմին հանձնված սահմանախախտները դատապարտվել են ազատազրկման», - նշվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

«Հետևելով միջազգային օրենքներին՝ հայկական կողմը միակողմանիորեն վերադարձնում է ադրբեջանական սահմանախախտներին, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին», - նշվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ հայկական կողմը ոչ մի խոչընդոտ չի ստեղծել և չի ստեղծում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքների համար՝ ցանկացած ժամանակ նրանց հնարավորություն տալով հանդիպել, զրուցել, նամակներ փոխանակել ադրբեջանական սահմանախախտների հետ: Սահմանախախտների կենցաղային պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

«ԿԽՄԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներին նույնիսկ առաջարկվել է կազմակերպել սահմանախախտների և նրանց հարազատների միջև հեռախոսազրույցներ, որին կտրականապես դեմ է եղել ադրբեջանական կողմը», - նշվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ ի տարբերություն հայկական կողմի բարի կամքի դրսևորումների՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի աշխատակիցների համար՝ նվազագույնի հասցնելով ԱՀ-ում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների հետ տեսակցությունները:

«Առ այսօր գերության մեջ գտնվողների հարազատները նամակ չեն ստացել և չեն կարողացել նամակ ուղարկել», - նշվում է հայտարարության մեջ:

«Ավելին` ադրբեջանական կողմը ընդհանրապես չի թույլատրել ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկացացուցիչներին տեսակցել Մանվել Սարիբեկյանի հետ, թերևս, նրա նկատմամբ կիրառված խոշտանգումների հետքերը թաքցնելու և նրան մահվան հասցնելու հրեշավոր ծրագիրն իրականացնելու նպատակով», - նշվում է փաստաթղթում:

«Փաստորեն, ի սկզբանե սակարկության է դրված եղել մարդկային կյանքը, հանգամանք, որը ևս, անշուշտ, միջազգային կառույցների ուշադրությանն է արժանի», - նշվեցին ՀՀ ՊՆ-ից:

Հայտարարության մեջ նաև նշվում է սահմանախախտների նկատմամբ բռնությունների, ֆիզիկական և հոգեբանական ճնշումների բազմաթիվ դեպքերի մասին:

«Հայտնի են դեպքեր, երբ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայ սահմախախտներին ներկայացել են որպես ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ՝ համոզելով պաշտոնապես հրաժարվել Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց և խոստանալով ուղարկել երրորդ երկիր», - ընդգծվում է հայտարարության մեջ:

ՀՀ ՊՆ-ից հիշեցրեցին նաև, որ Հայաստանում և Ադրբեջանում գործում են գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովներ, և հայկական կողմը երբեք դեմ չի եղել բանակցելուն և սահմանախախտների հայրենադարձման հարցերը լուծելուն: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։