Արցախի անկախության հարցն առաջին անգամ կքննարկվի սեպտեմբերի 8-ին Լեհաստանի Կրինիցա քաղաքում սկսվող Եվրոպայի տնտեսական Ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Եվրոպայի հայկական միությունների ֆորումի մամուլի ծառայությունից։
Նստաշրջանին հարցը կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանի կողմից։
Կրինիցայում կհավաքվեն Եվրամիության եվրոպական երկրների, Միացյալ նահանգների և այլ երկրների բարձրագույն իշխանությունների, խոշորագույն ֆիրմաների ղեկավարները` քննարկելու Եվրոպային հուզող քաղաքական և տնտեսական խնդիրները:
Այս ֆորումի կենտրոնական նստաշրջաններից մեկը, որին տրվել է «կլոր սեղանի» հատուկ կարգավիճակ, կղեկավարի ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նստաշրջանին, որի անվանումն է՝ «Հարավային Կովկաս- ինչպես կազմակերպել էֆեկտիվ տարածաշրջանային քաղաքականություն», մասնակցում են Եվրամիության, Ռուսաստանի, Սլովակիայի, ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի պառլամենտների հայտնի ներկայացուցիչներ:
Հարավային Կովկասի երկրների անվտանգությանը նվիրված առաջին նստաշրջանը այս ֆորումում կայացել է 2009թ-ին: Աշոտ Գրիգորյանի կողմից առաջին անգամ լայն քննարկման էր ներկայացվել «ՙՀարավային Կովկասի նոր Կոնֆեդերացիայի» գաղափարը, որտեղ առաջարկվում էր մոտակա տասնամյակի ընթացքում սկսել համագործակցություն Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև: Համագործակցությունը վերածվելու էր ԵՄ-ին ասոցիատիվ, այնուհետև թեկնածու անդամ դառնալու և հետագայում Կոնֆեդերացիայի մակարդակի հասնելով ԵՄ իսկական անդամի կարգավիճակի:
«Այս տեսությունը 2009թ-ի ֆորումից անմիջապես հետո տպագրվել է Վրաստանի ռուսալեզու մամուլում և տվել է իր առաջին արդյունքը. Վրաստանի նախագահ Սահակաշվիլին` առաջ ընկնելով գործընթացից և մի փոքր ձևափոխելով այն, լծվել է Ադրբեջանի հետ Կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-