ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում նախատեսված չէ այց Իրան, ճեպազրույցում ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։
Վերջին ժամանակներում ԶԼՄ–ներում լուրեր էին արծարծվում, որ Հայաստանի վարչապետն առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Իրան։
«Եթե օրակարգում հստակեցվի այցը, դրա մասին համապատասխանաբար հանրությունը միշտ տեղյակ է պահվել՝ խելամիտ ժամկետներում»,– ասել է նա։
Մամուլի քարտուղարի պաշտոնակատարը նշել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով ԱԳՆ–ն հետևում է Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին, այդ թվում` իրանաամերիկյան հարաբերությունների համատեքստում։
Загружается новость ... "Лево"
«Բնականաբար, այս վերջին զարգացումները մտահոգիչ են: Բայց Հայաստանը շարունակում է սերտորեն համակարգված աշխատել, բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, ներկայացնում ենք մեր մտահոգությունները և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը»,– ասել է Նաղդալյանը։
ԱՄՆ–ն վերսկսել է պատժամիջոցներն Իրանի դեմ, որոնք հանվել էին երկրի վրայից 2015 թվականին Թեհրանի միջուկային ծրագրի մասին համաձայնության հասնելուց հետո։
Սահմանափակումների առաջին փաթեթն արդեն գործում է, մյուսը, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնի նոյեմբերին։ -0-