ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Լևադա կենտրոնի» հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 22%–ը համարում է, որ Հայաստանը բարեկամ երկիր է։
Հարցվածներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին. «Նշեք հինգ երկիր, որոնք կանվանեիք Ռուսաստանին առավել մտերիմ, դաշնակից»։
Այսպիսով, հարցման արդյունքում, հարցվածների 22%–ն ընտրել են Հայաստանը։ Նշենք, որ այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2018թ.–ի ցուցանիշը, երբ նմանատիպ հարցման ժամանակ հարցվածների միայն 11%–ն էր ընտրել Հայաստանը։
Հարցման տվյալներով, առավել բարեկամ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4–րդ հորիզոնականը` զիջելով Բելառուսին (62%), Չինաստանին (42%) և Ղազախստանին (38%)։ Անդրկովկասյան երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը, քանի որ Ադրբեջանն ընտրել է հարցվածների 16%–ը, Վրաստանը` 8%–ը։
«ԱՊՀ երկրների նկատմամբ վերաբերմունքն առաջին հերթին բացատրվում է նրանով, որ թշնամության բացակայությունն, այդ թվում` ԶԼՄ–ներում, արդեն դիտարկվում է որպես բարեկամություն։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները ևս ստեղծում են պատրանք, որ Հայաստանը բարեկամ երկիր է», – հարցման արդյունքները մեկնաբանել է «Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը, հաղորդում է «Վեդոմոստին»։
Միաժամանակ հարցվածներին խնդրել են պատասխանել նաև հետևյալ հարցին. «Ձեր կարծիքով, որո՞նք են Ռուսաստանի նկատմամբ ամենաանբարյացակամ, թշնաբար տրամադրված երկրները»։ Այս հարցին պատասխանելիս հարցվածները չեն նշել Հայաստանը։
Ռուսաստանի նկատմամբ առավել անբարյացակամ տրամադրված երկրների ցանկը գլխավորում է ԱՄՆ–ն (67%), որին հետևում են Ուկրաինան (40%) և Մեծ Բրիտանիան (38%)։
«Հարցումն անցկացվել է 2019թ.–ի մայիսի 24–29–ը, հարցմանը մասնակցել է 18–ից բարձր տարիքի 1616 մարդ Ռուսաստանի 137 բնակավայրերում և 50 սուբյեկտներում», – նշվում է կենտրոնի կայքում։–0–