ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳՆ–ն պահանջներ չունի ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի նկատմամբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելելու կապակցությամբ, երկուշաբթի հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 13–ին հանդիպել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Առանձնազրույցը տեղի է ունեցել Քոչարյանի գրասենյակում, տևել է ավելի քան մեկ ժամ։
«Դեսպանն իր ստանձնած դիվանագիտական նորմերի և արարողակարգերի շրջանակում չի կատարել ոչ մի սխալ, դա չի կարող դառնալ պատճառ ԱԳՆ– ի կողմից քննարկումների կամ հատուկ ուսումնասիրությունների համար», – ասաց Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ դեսպանին չեն կանչել ԱԳՆ պարզաբանումների համար։
Փոխնախարարը նաև նշեց, որ այս հարցով ներկայացվել է հասարակական կարծիք, որը լսվել է ԱԳՆ–ի կողմից։
«Սակայն դիվանագիտական ընթացակարգերի տեսակետից մենք չենք կարող անել կտրուկ հայտարարություններ, անգամ քննության տակ գտնվող անձի հետ հանդիպման հարցում», – ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է այդ հանդիպումը` նշելով, որ այն տարօրինակ է, և նա չի ողջունում նման նախաձեռնությունները։
Նախօրեին ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ևս հայտարարել է, որ հավանություն չի տալիս նման հանդիպումներին։
«Դեսպանը կարող է հանդիպել քաղաքական ողջ շրջանակի ներկայացուցիչների հետ, սակայն այստեղ այլ է. մեղադրանքները, որոնք ներկայացվել են այդ անձին, նրան դուրս են հանում քաղաքական դաշտից։ Խոսքը նաև այլ բնութագրերի և հետաքրքրությունների մասին է, այդ պատճառով ես չեմ ողջունում նմանատիպ նախաձեռնությունը, քանի որ Քոչարյանի մեջ չեմ տեսնում քաղաքական դաշտի ներկայացուցիչ», – ասել է Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ եթե չլինեին Քոչարյանի նկատմամբ առաջ քաշված մեղադրանքները, ապա որևէ խնդիր չէր տեսնի և կողջուներ ցանկացած դեսպանի շփումները Քոչարյանի հետ։
Պատասխանելով այն հարցին, թե այդ հանդիպումն, իր կարծիքով, Մոսկվայի մեսի՞ջն է, թե՞ ոչ` Միրզոյանը խորհուրդ է տվել չփնտրել ենթատեքստեր բոլոր իրադարձություններում։
«Ինչ վերաբերում է պետությունների միջև հարաբերություններին, ապա Հայաստանի և Ռուսաստանի միջև չկան չլուծված, բարդ հարցեր։ Մոսկվան որևէ կերպ չի ազդի Քոչարյանի նկատմամբ քննության, առաջադրված մեղադրանքներ վրա, և ես անկախ և արդար դատական համակարգի հույս ունեմ։ Կարծում եմ`ՌԴ իշխանությունները հարգանքով են վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանն ու իրենց թույլ չեն տա նմանատիպ նախապայմանների առաջադրում (ազատ արձակել Քոչարյանին կամ փոխել հոդվածը, խմբգր.)։ Դա բացառված է», – ասել է Միրզոյանը։–0–