ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները այսօրվա ճեպազրույցին միջամտություն արդարադատությանը անվանեցին Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանի հրապարակային հայտարարությունները:
Նախօրեին ՀՀ Հանրաին հեռուստաընկերությանը հարցազրույցում Խաչատրյանը պատասխանել է Քոչարյանի կալանքի վերաբերյալ մի շարք հարցերի, ինչպես նաև հայտարարել է, որ Նախագահական անձեռնմխելիությունը չի տարածվում Ռոբերտ Քոչարյանի վրա:
Փաստաբան Սարգիս Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՔԾ պետի՝ նախօրեին հնչեցրած դիրքորոշումը միջամտություն էր արդարադատությանը, քանի որ ամրագրված նորմ է, որ պետական մարմինները պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի քննարկումներից, որոնք վտանգում են դատական պրոցեսը:
Загружается новость ... "Лево"
Փաստաբաններից Հայկ Ալումյանը հավելեց, որ հրապարակային հայտարարություններում պաշտոնյաները պետք է խուսափեն կտրական գնահատականներից:
«Պետք ասեն՝ «մենք համարում ենք այսպես», չեն կարող նման աներկբա հայտարարություն հնչեցնել, դա անմեղության կանխավարկածի ամենակոպիտ դրսևորումներից մեկն է», - ասաց Ալումյանը:
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։-0-