ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության, ինչպես նաև բոլոր այլ ցեղասպանությունների միջազգային ճանաչումն առաջին հերթին անհրաժեշտ է ամբողջ աշխարհին: Այդ մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում Ծիծեռնակաբերդ հուշահամալիր այցելելուց հետո ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Դա մեր ժողովուրդի պատմության ամենաողբերգական էջն է, որից մենք պետք է դասեր քաղենք: Մենք պետք է ուժեղ լինենք և հույս դնենք միայն ինքներս մեզ վրա», - ասաց Մարությանը:
Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։
1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–