ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook –ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ի՞նչ է գրել Թանկյանը
«Շատ ուրախ եմ Հայաստանում բնակվող իմ քույրերի և եղբայրների համար, ովքեր կգնան խորհրդարանական ընտրություններին տարեսկզբին քայքայիչ, անարդար և կոռումպացված ռեժիմից ազատվելուց հետո։ Ինձ անհանգստացնում են այնպիսի «մնացուկների» հայտարարությունները, ինչպիսին Արմեն Աշոտյանն է` ՀՀԿ—ից, ովքեր բողոքում են, որ բավականին ժամանակ չեն ունեցել նախընտրական քարոզարշավի համար, այն բանից հետո, երբ 20 տարի շարունակ թալանել են երկիրը», – գրել է Թանկյանը։
Նա գոհունակություն է հայտնել, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Թանկյանը կարծում է, որ շատ բան կա անելու, հատկապես` տնտեսական ոլորտում, սակայն կարևոր է, որ մարդիկ սթափվել են և լի են վճռականությամբ։
Ի՞նչ է պատասխանել Աշոտյանը
«Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում։ Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար», – գրել է Աշոտյանը Facebook–յան իր էջում։
Загружается новость ... "Лево"
«Երբ դու նշում ես, որ «20 տարի երկիրը թալանելուց հետո Աշոտյանը գրում է, թե քարոզարշավի ժամանակը քիչ է», դու հանցագործության մասին ակամայից կամ մտածված հաղորդում ես տալիս, ինձ անվանական մեղադրանք առաջադրում, որին, հուսանք, ՀՀ ոստիկանությունը կարձագանքի, հակառակ դեպքում վերջնականապես կփաստվի, որ մեր երկրում իսկական ընտրովի արդադատություն է»,– նշել է Աշոտյանը։
Նա հույս է հայտնել, որ Թանկյանը կհրավիրվի ՀՀ ուժային կառույցներից որևէ մեկն իր խոսքերը աապացուցելու, հիմնավորելու համար:
«Ժամանակն է, որ բոլորն իրենց ասածների և արածների համար պատասխան տան, ԲՈԼՈՐԸ: Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավի քիչ լինելու մասին իմ արած հայտարարությանը, պետք է նշեմ, որ ես վերահաստատում եմ իմ խոսքփերը։ Այո՛, 12 օրը շատ քիչ է, բայց պետք է քեզ ու քո գաղափարակիցներին հիասթափեցնեմ․ մենք 12 օրում էլ կարողացանք բոլորին ներկայացնել այն, ինչ կա ու բացատրել, թե մեր թիմը ինչ ներուժ ունի ու ինչեր կարող է անել։ Լավ օր եմ քեզ մաղթում, հարգելի՛ Սերժ, հույս ունեմ, որ գրառում անելուց զատ դու մի օր կունենաս քո փաստացի ներդրումը՝ հզոր ու զարգացած Հայաստան ունենալու գործում․․․ օրինակ՝ վերջապես կգնես այն տունը, որը այսքան ժամանակ խոստացել ես, ու կվերադառնաս Հայրենիք»,– եզրափակել է Աշոտյանը։–0–