ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն հինգշաբթի այցելել է Ծիծեռնակաբերդ։
«Այսօրվա ծանր պայմաններում, երբ տուժում են ավանդույթները և պատմությունը, մենք պետք է հիշենք քրիստոնեական ավանդույթները և այն, ինչ տեղի է ունեցել: Նա, ով չգիտի Հայաստանի պատմությունը, չգիտի, թե ինչ զոհողությունների կարող է գնալ մարդը: Խելացի մարդիկ պետք է ճանաչեն և հասկանան Հայաստանի պատմությունը», - հինգշաբթի Ազգային ժողովում լրագրողներին ասաց Դանկոն:
Նա խոստովանեց, որ այս տարվա ապրիլի 24-ին, երբ Հայաստանում հարգանքի տուրք էին մատուցում ցեղասպանության զոհերին, նա ծանր վիրահատություն է տարել, ուստի որոշել է, որ ավելի ուշ պետք է այցելի Հայաստան և խոնարհվի Հայոց ցեղասպանության զոհերի առաջ:
«Այսօր պետք չէ ողբալ պատմության համաև, այլ` հիշել և հարգել այն: Ես շատ ուրախ եմ, որ Սլովակիայի Ազգային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ես ձեզանից մի նախադասություն եմ սովորել, որը շատ եմ սիրում. «կարելի է ներել, բայց մոռանալ երբեք չի կարելի», - ասաց Դանկոն` շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերներին հրավերի և հյուրընկալության համար:
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանն իր հերթին ասաց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր և նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց hետագա կանխարգելման համար:
«Սլովակիայի Ազգային խորհուրդը ոչ միայն ճանաչել է և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, այլև ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք», - ասաց Սահակյանը:
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիա Բունդեսթագը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում