ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել համատեղ ջանքերով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպման արդյուքներն ամփոփելիս:
Նրա խոսքով, երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով: Նա ավելացրեց, որ իր խոսքերի ապացույցն են այսօրվա հանդիպման արդյունքները:
Նախարարն ընդգծեց, որ Վրաստանի նախարարի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է երկկողմանի փոխազդեցության լայն շրջանակ, ինչպես նաև պայմանագրային-իրավական հիմքի զարգացման հարցեր, որոնք ներառում են 80-ից ավել փաստաթուղթ: Նա նշեց նաև երկկողմանի միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետ աշխատանքը:
«Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել վրազական կողմից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբին հետևողականորեն աջակցելու համար», - ասաց Նալբանդյանը:
Ջանելիձեն իր հերթին հայտարարեց երկու երկրների պատրաստակամության մասին զարգացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական փոխազդեցությունը: Նրա խոսքով, 2017 թ.-ը յուրահատուկ է երկկողմանի հարաբերությունների համար:
«Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Բոլոր այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է զարգացնել վստահության վրա հիմնված փոխշահավետ համագործակցություն», - ասաց Վրաստանի արտգործնախարարը:
Նրա խոսքով, Նալբանդյանի հետ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հարցեր այնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, տարանցիկ ներուժի օգտագործումը, մասնավորապես, սևծովյան նավահանգիստների: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում