ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Ինչպես հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը, ԱԽ քարտուղարը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։
ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ` որպես համանախագահ երկրի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հատուկ օգնական Հիլլն իր հերթին նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։
«Կարևորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։
Կողմերը ևս մեկ անգամ ընգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում։-0-