ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բելառուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը, որով նա բողոքարկում էր իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշումը։ Ուշ երեկոյան հայտնի դարձավ , որ բլոգերը հատուկ չվերթով Մինսկից տեղափոխվել է Բաքու։
«Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը», – նշվում է Բալայանի հայտարարության մեջ, որը հրապարակված է ԱԳՆ–ի Facebook–յան էջում։
Բալայանի խոսքով, միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է։
ԼՂՀ ԱԳՆ. Բելառուսի Գերագույն դատարանի վճիռն ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքների կոպիտ ոտնահարում է>>
Դեկտեմբերի կեսերին Իսրայելի քաղաքացի Լապշինը, ով նաև ՌԴ քաղաքացի է, գրել է, որ իրեն ձերբակալել են Մինսկում` Ադրբեջանի հայցով, որտեղ նա ներառված է «սև ցուցակում»` առանց ադրբեջանական իշխանությունների համաձայնության Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Նման անձանց արգելվում է այցելել Ադրբեջան։ Այդուհանդերձ, 2015 թ.–ի հունիսին Լապշինը Վրաստանի տարածքով ուկրաինական անձնագրով մուտք է գործել Ադրբեջան։
Բլոգերին հաջողվել է հատել սահմանն ու հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում իր անունը (Ալեքսանդր) այլ կերպ է գրված (Օլեքսանդր)։ Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։
Հունվարի 20–ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսեյ Ստուկը որոշում է ընդունել բավարարել Լապշինի արտահանձնման մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության հայցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3–ին Մինսկում ասուլիսի ժամանակ պահանջել է որքան հնարավոր է շուտ կատարել դատարանի վճիռը և արտահանձնել Լապշինին, քանի որ ըստ Լուկաշենկոյի` այդ որոշումն օրինական է։-0-