ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար, ինչպես նշում ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է` մասնակցելով ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին։
«Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք:
Загружается новость ... "Лево"
«Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ», – ասել է Սարգսյանը:
Նախագահը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում:
«Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
Նա նշել է նաև, որ բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:
Հանրապետության նախագահը անդրադարձել է նաև հոկտեմբերի 16–ին կայացած ժնևյան բանակցությունների։
«Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել», – ասել է Սարգսյանը։
Ինչպես նշեց նախագահը, խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը։
«Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞», – ասել է նա:
«Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա», – նշել է նա։
Նա հիշեցրել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: «Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել», – ասել է նա:
Նախագահը կրկին նշել է, որ Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում:
«Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան», – ասել է ՀՀ նախագահը։ –0–