ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացատրեց, թե ինչու Երևանի և Բաքվի միջև թեժ գիծը չի գործում։
«Թեժ գիծը գործում է, բայց, ցավոք, դա չի երաշխավորում, որ մենք այլևս զոհեր չենք ունենա։ Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով, երբ նա բացատրում է միջազգային գործընկերներին, թե ինչու հստակ արդյունք չկա, ապա բոլորը մեջբերում են նրա այն արտահայտությունը, որ որոշումները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար։
«Դա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն է, որը լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի համար։ Ինչու՞ չկան արդյունքներ. որովհետև Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ասել նույն նախադասությունը»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով, քանի դեռ այդ նախադասությունը չի ասվել, բանակցություններն արդյունավետ չեն լինի։
«Եթե ինչ–որ մեկը կարծում է, որ հակամարտության լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար, և անընդունելի լինի Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար, ապա նա չի ճանաչում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, ոչ էլ ընդհանրապես հայերին»,– ասաց նա։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում