486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում անցել է Ղարաբաղի Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը
20:18
27 Դեկտեմբերի 2008

Ստեփանակերտի Սպայի տանը շաբաթ օրը անցել է 2008 թ.-ի արդյունքների ամփոփմանը նվիրված Ղարաբաղի Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստին ծավալուն ճառով հանդես է եկել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Մեր բանակի և ժողովրդի դժվարին ու հետևողական աշխատանքի շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հանգիստ ու խաղաղ պայմաններում ամփոփել հերթական բանակային տարին»,- ասվում է ԼՂՀ նախագահի ելույթում:

Լեռնային Ղարաբաղի ղեկավարը հայտարարել է, որ 2009 թ.-ին հանրապետությանը հաջողվել է ոչ միայն պաշտպանել, այլև ավելի ամրացնել երկրի սահմանները, բարձրացնել Պաշտպանության բանակի մարտունակությունը, բարելավել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, լուծել անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ագրեսիվ և հակահայկական քաղաքականությունը, ռազմական ծախսերի չափազանց ավելացումը, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մեզ պարտադրում են լինել ավելի զգոն ու հետևողական երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պետական անվտանգության, բանակաշինության, զինվորների մարտական պատրաստվածության հարցերը մեզ համար ժամանակի հրամայական են»,- նշել է Սահակյանը:

«Որպես գերագույն գլխավոր հրամանատար` ես խորին գոհունակության ու հպարտության զգացումով եմ այսօր հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հզոր է ու մարտունակ և միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Դրա լավագույն վկայությունը հանդիսացավ այս տարվա մարտ և նոյեմբեր ամիսներին հակառակորդի հերթական սադրանքների չեզոքացումը մեր զինծառայողների կողմից, ում խիզախությունն ու սխրանքը գնահատվեց պետության կողմից»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Ղարաբաղի նախագահը նշել է, թե խորհրդանշական է, որ հակառակորդի դեմ մարտնչել են տարբեր սերունդներ ներկայացնող զինծառայողներ: Դա սահուն սերնդափոխության և լավ ավանդույթները շարունակելու վճռականության արտահայտություն է: Այն փաստը, որ տարեցտարի Պաշտպանության բանակը համալրվում է բարձրագույն զինվորական կրթություն ստացած զինծառայողներով, որոնց թիվն արդեն անցել է 1000-ից, խոսում է բանակում կադրային քաղաքականությանը հատուկ ուշադրություն դարձնելու մասին: «Ես համապատասխան ցուցումներ եմ տվել կառավարությանը Պաշտպանության բանակի շարքերից զորացրվող սպաներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ»,- ասել է Սահակյանը:

Նրա խոսքերով, բանակի մարտական պատրաստվածության ու մարտունակության  բարձր մակարդակի մասին են վկայում նաև  բանակային զորավարժությունների և ընթացիկ ու ամփոփիչ ստուգումների արդյունքները: «Հատկապես մարտական հրաձգությամբ վերջին հարձակողական զորավարժության հաջող ավարտը ցույց տվեց, որ Պաշտպանության բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր հանրապետության սահմանները, այլև հարկ եղած դեպքում կարող է մարտական գործողությունները տեղափոխել ագրեսիա ձեռնարկած երկրի խորքերը և խաղաղություն պարտադրել նրան: Սակայն մենք այսուհետ էլ պետք է լինենք աչալուրջ և թույլ չտանք հակառակորդին նույնիսկ մտածել նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու կամ իր կամքը մեզ թելադրելու մասին: Բոլորը պետք է հասկանան մեկընդմիշտ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն»,- ասել է Սահակյանը՝ նշելով, որ սահմանների անառիկությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները արդյունավետ են դարձնում դիրքերում տարվող մարտական հերթապահությունը: 

«Բանակաշինության, շփման գծում տիրող իրավիճակի, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և հարակից այլ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ եմ տվել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ անցկացվող խորհրդակցությունների ժամանակ, որոնցից վերջինը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Ինձ զեկուցվել է, որ քննարկված հարցերը հասցվել են համապատասխան օղակներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ չեմ համարում  այստեղ անդրադառնալ դրանց»,- նշել է Սահակյանը։

ԼՂՀ նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է սպառազինության ու թիկունքային ապահովման, հետախուզության ու հակաօդային պաշտպանության, զինվորական կարգապահության հիմնահարցերի կարևորությունը: «Հենց  դրանց լուծման արդյունավետ ուղիների մշակումը մեծապես կանդրադառնա մեր երկրի պաշտպանունակության և բանակի մարտունակության բարձրացման վրա»,- ասել է Սահակյանը:

Նախագահը դրական է համարում հետախուզության և իրավիճակի հուսալի վերահսկողության արդյունքում շփման գծում հակառակորդի ակտիվության նկատելի նվազեցումը, ինչը, սակայն, ինքնահանգստացման տեղիք չպետք է տա:   

«Կարևոր է Պաշտպանության բանակի զորամասերում անհրաժեշտ կարգապահության պահպանումը: Իհարկե, մարտական հերթապահություն տանող զորամասերում, հակառակորդի հետ շփման գծում չթուլացող լարվածության պայմաններում չեն բացառվում արտակարգ դեպքերն ու պատահարները: Այնուամենայնիվ, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` նվազագույնին հասցնելու այլ հանգամանքներում տեղի ունեցող զինծառայողների մահվան կամ վիրավորվելու դեպքերը»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել հրամանատարների, սպաների կողմից ամենօրյա ծառայության ընթացքում առավել մեծ պատասխանատվություն, կատարողական ու գիտակցական բարձր կարգապահություն, ենթակաների նկատմամբ ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու խնդիրներին:

«Անտեղի ցանկացած կորուստ բացասաբար է ազդում բանակի ոգու և մարտունակության, նրա վարկանիշի և հասարակություն-բանակ կապերի հետագա ամրապնդման վրա»,- նշել է նա:  

ԼՂՀ նախագահն ասել է, որ բանակի մարտունակությունը անմիջականորեն կապված է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների հետ, այդ իսկ պատճառով պետության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում նման խնդիրների լուծման գործընթացը:

«Հայրենիքի պաշտպանը պետք է հնարավորինս ազատված լինի կենցաղային հոգսերից, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր ծառայությունը: Հատկանշական է այն փաստը, որ 2008 թվականին շուրջ 130 զինծառայողներ ապահովվեցին հարմարավետ բնակարաններով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն շարունակական»,- հայտնել է Սահակյանը:

ԼՂՀ ղեկավարը նաև հայտարարել է, որ իշխանությունները հատուկ ուշադրություն են ցուցաբերում Արցախյան պատերազմում զոհված, անհայտ կորած և հաշմանդամ դարձած մեր ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրներին:

«Լուրջ աշխատանքներ են տարվում նրանց սոցիալական, այդ թվում` բնակարանային, կենցաղային, ինչպես նաև առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս ամենի հետ մեկտեղ կարևոր եմ համարում նաև հասարակությանը հաշմանդամների լիիրավ ինտեգրման գործին իշխանությունների կողմից աջակցության ցուցաբերումը: Հենց այս նպատակն է հետապնդում Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու ծրագրի իրականացումը»,- ասել է Սահակյանը:

Լեռնային Ղարաբաղի նախագահը վստահություն է հայտնել, որ նման քաղաքականությունն իր դրական ազդեցությունը կունենա ինչպես զինված ուժերի, այնպես էլ հասարակության առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա ամրապնդման վրա:

«Մեր երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում,  հասարակական կյանքում, պատերազմի մասնակիցների և հաշմանդամների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ դերակատարություն ունի Արցախի ազատամարտիկների միությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բարձր են գնահատում ազատամարտիկների ակտիվ մասնակցությունը հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը և այսուհետ էլ ըստ ամենայնի կաջակցեն միության գործունեությանը»,- նշել է Սահակյանը:

Նա նշել է, որ հանրապետության Նախագահի մասնակցությամբ նման հանդիպումները կդառնան ավանդական, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել պետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտի` Պաշտպանության բանակի աշխատանքի կազմակերպումը: 

Ավարտելով խոսքը՝ նախագահը շնորհավորել է բանակի ողջ անձնակազմին` տարին հաջողությամբ ավարտելու, առաջադրված խնդիրները պատվով իրականացնելու համար:

«Շնորհավորում եմ նաև բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում անձնական երջանկություն, քաջառողջություն և խաղաղ երկինք»,- հայտարարեց ԼՂՀ նախագահը:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:31
25 Փետրվարի 2017
Հայկական կողմը խոստացել է ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի տեսագրությունը
Հայկական կողմն ունի գիշերն իրականացված ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը:
11:48
25 Փետրվարի 2017
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ խոսելով հայկական կողմի «հարձակումների» մասին
Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում:
10:45
25 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ.Շփման գծում նկատվում է հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժ
Հակառակորդը գիշերը հարձակման փորձ է նախաձեռնել շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով
18:45
24 Փետրվարի 2017
ԱՀ ՊՆ. հակառակորդը հրետակոծել է Թալիշը
Թշնամին թիրախավորել է ոչ միայն մարտական հենակետերը, այլև Թալիշ բնակավայրը։
10:43
24 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և ՁՀՆ-7 տիպի նռնականետ
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։