ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Արցախյան խնդրի լուծման հարցում ելակետային է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը, երկուշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած համատեղ ճեպազրույցում։
«Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը: Այստեղ որևէ այլ մոտեցում չի կարող լինել»,– ասել է նախագահ Սարգսյանը։
Ինչպես նշել է նախագահը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հռչակված է միջազգային հիմնարար փաստաթղթերում, այլև վաղուց արդեն ճանաչված և ամրագրված է հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմաթիվ հայտարարություններում:
«Ասել է թե սա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության հավաքական ընկալումն է հարցի շուրջ»,– ընդգծել է Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ ԵՄ հավասարակշռված դիրքորոշման համար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում