ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
Նշված ժամանակահատվածում դեպի Հայաստան իրականացվող երթերի թիվն ավելացել է 44-ով` հասնելով 786-ի: Այս ուղերթերի արդյունքում սպասարկվել է 7 654 ուղևոր` նախորդ տարվա 7930 ուղևորի փոխարեն:
Կենտրոնական ավտոկայանի կողմից իրականացվող միջպետական երթուղիների հաստատված սակագներն են՝ Ստեփանակերտ-Երևան 4500 դրամ, Մարտունի-Երևան 6000 դրամ, Մարտակերտ-Երևան 5000-6000 դրամ, Հադրութ-Երևան 7000 դրամ, Բերձոր-Երևան 3500 դրամ, Ստեփանակերտ-Հրազդան 5000 դրամ:
«Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ կողմից միջշրջանային և ներշրջանային երթերի թիվը աճել է 58-ով`կազմելով 11 184 երթ, որոնց արդյունքում տեղափոխվել է 112 516 ուղևոր:
Արցախի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նախորդ տարի այս ցուցանիշը 114 հազարից քիչ ավելի էր։
Արցախի Հանրապետությունում ուղևորներին նախաերթային սպասարկման ծառայություններ մատուցող միակ կազմակերպությունը «Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ-ն է: Ընկերությունն ունի քաղաքական և ռազմավարական մեծ նշանակություն: Ընկերությունը միջշրջանային և ներշրջանային երթուղիների սպասարկումն իրականացնում է 103 ավտոբուս, իսկ միջպետական ուղևորափոխադրումները՝ 21: Միջշրջանային և ներշրջանային ավտոբուսային երթուղիների ցանցում ընդգրկված են 166 բնակավայր և սպասարկվում է բնակչության մոտ 85 տոկոսը՝ 126 հազ. մարդ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում