ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմն ինքն իրեն հաշիվ չի տալիս իր գործողությունների և հայտարարությունների համար, ասել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը` մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մեղադրանքները, թե հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական տարածքը։
«Նման սպառնալիքներն իրագործելու ցանկացած փորձ հղի է միանգամայն կանխատեսելի ու անչափ վտանգավոր հետևանքներով, առաջին հերթին հենց իր՝ Ադրբեջանի համար»,– Ներսիսյանի խոսքն է մեջբերում Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Նա հիշեցրել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հերքել է ադրբեջանական կողմի այդ պնդումը։
Загружается новость ...
"Право"
«Մենք, մեր հերթին, բազմիցս նշել ենք, որ հայկական կողմերին մեղադրելով հրադադարի ռեժիմի խախտման մեջ՝ ադրբեջանական իշխանություններն իրականում փորձում են քողարկել իրենց պատասխանատվությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության սրման համար և խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը»,– ասել է նա։
Մեկնաբանելով Արցախի Հանրապետության տարածքի խորքում գտնվող բնակավայրերը գնդակոծելու Ադրբեջանի սպառնալիքները` Ներսիսյանը նշել է, որ դա ծայրաստիճան անպատասխանատու հայտարարություն է։
«Հարկ է նշել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ հանդես գալիս նման հայտարարություններով։ Այսպես, դեռևս 2016 թ. ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին»,– հավելել է Ներսիսյանը։ -0-