ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2017 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կակտիվանա, կարծում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Բանակցային գործընթացը շարունակելու համար լուրջ զարգացումներ են անհրաժեշտ»,– նշեց Հայրապետյանը երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։ Միաժամանակ, փորձագետն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը վերջերս նոր համաձայնությունների է հասել Իսրայելից ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուրջ։
Նա ավելացրեց, որ հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի ղարաբաղյան կարգավորման զանազան տարբերակների։ Այդ կապակցությամբ Հայրապետյանն ընդգծեց, որ 2016 թվականին Ղարաբաղում ծավալվող իրադարձություններն ապացուցել են, որ խաղաղության հասնելու համար միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի։ «Ամենից վտանգավորը, նրա կարծիքով, թշնամուն թերագնահատելն ու դաշնակիցներին գերագնահատելն է»,– ընդգծեց Հայրապետյանը։
Ինչպես նշեց փորձագետը, 2016 թվականի իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ ընթացիկ բանակցային գործընթացը չի կարող ապահովել հրադադարի ռեժիմի պահպանումը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում։
«Այն, որ հակառակորդը բավականին անկանխատեսելի է դառնում, փաստ է։ Բացի այդ, պարզ է դարձել, որ պաշտոնական Բաքուն այդ (ղարաբաղյան) քարտը խաղացնում է ներքաղաքական որոշ հարցերի կարգավորման համար»,– նշեց Հայրապետյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում