ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Համոզված ու վստահ եմ, որ պարտադիր պայման է, որպեսզի արցախյան կողմը մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին, որևէ ֆորմատ չի խախտվում, Արցախը ունի այդ ֆորմատին ավելացնելու մեկ առաջարկություն` այն է` կնքել «Խաղաղության պայմանագիր» ու այդ փաթեթն անվանել հենց այդպես։ Այս մասին aysor.am–ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Խաղաղության պայմանագիր կնքելը միջազգային պրակտիկա է պատերազմներից հետո: Այդ փաթեթի մեջ պետք է ներառել ամեն ինչ` գերիների փոխանակում, տարածքների վիճարկելի հարց, նյութական կորուստների հարց: Մենք դեմ չենք գնում այդ փաթեթին, բայց մենք մեկ առաջարկություն ենք անում՝ որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն խաղաղության`«Խաղաղության պայմանագիր» ունենալու համար», – նշել է Բալասանյանը։
Նրա խոսքով, խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի երեք երկրների միջև` Մինսկի խմբի համանախագահության ներքո։
Загружается новость ... "Лево"
«Միանշանակ պնդում ենք, որ խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է: Վերջերս լուրեր են շրջանառվում, թե իբր Հայաստանի վարչապետն ընդունել է տարածքներ խաղաղության դիմաց թեզը: Ես չէի ասի, որ Հայաստանի ղեկավարությունն` ի դեմս վարչապետի, ինչպես նաև ժողովուրդը, պատրաստ են դրան», – ասել է Բալասանյանն` ավելացնելով, որ միջազգային հանրությունը հիմա ժամանակ առ ժամանակ կրկնում է 3 սկզբունքների մասին` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն:
«Երեք գլխավոր թեզերն է առաջ քաշված: Տարածքային ամբողջականության հարցը ինձ համար, որպես քաղաքացու, որպես Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, որպես ժամանակին լուրջ դերակատարություն ունեցած զորքերի հրամանատար, շատ վիճարկելի է: Ադրբեջանի տարածքը շատ կասկածելի տարածք է: Նախ պետք է այդ երկիրը ապացուցի միջազգային հանրությանը՝ որ տարածքի մասին է խոսքը: Սա վիճարկելի հարց է, և ես համոզված եմ, որ երբ Արցախն արդեն իսկ որպես բանակցային սուբյեկտ ներկա գտնվի, մենք, իհարկե, բարձրացնելու ենք այդ հարցը», – ընդգծել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Միաժամանակ, նա նշել է, որ Ստեփանակերտում կայացած Հայաստանի և Արցախի ԱԱԽ համատեղ նիստի ժամանակ երկուստեք` ի դեմս Հայաստանի, Արցախի առաջին դեմքերի, լիազորվել է, որ արցախյան կողմը մասնակցի որպես լիիրավ կողմ, որպես բանակցային գործընթացի սուբյեկտ:
«Մենք լսեցինք՝ վարչապետը հայտարարեց, որ Արցախում ապրող ժողովուրդը քվե չի տվել իրեն և եթե քվե չի տվել՝ ի՞նչ իրավունքով է ինքը խոսելու արցախցու անունից: Նա շատ ճիշտ մեկնաբանություն է արել», – նշել է Բալասանյանն` ավելացնելով, որ Արցախի հանրապետության նախագահը կարող է որոշում կայացնել նշանակել բանագնաց, բայց նա պետք է դիտարկվի որպես Արցախի Հանրապետության ներկայացուցիչ:
Մարտի 12–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք կամ նախապայման չէ, և բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցն առանցքային նշանակություն ունի։
Մարտի 13–ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Երևանում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «եկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը, և հարկավոր են նոր, իրատեսական առաջարկներ»։–0–