ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունը պետք է դրական գնահատել ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
«Եթե հիշում եք, դեռ անցած տարի դեկտեմբերին Մոսկվայում կայացած գագաթաժողովի ընթացքում Հայաստանի նախագահը ՀԱՊԿ-ի շրջանակներում միաբանությունը համարել էր դաշինքի կայացման պարտադիր պայման և օրինակ էր բերել ռուսական ինքնիաթիռի միջադեպին հաջորդած շրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների համերաշխությունը Թուրքիային», – նշեց փորձագետը։
«Եվ ահա մեկ տարի անց մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ը, չնայած այդ կառույցում այնպիսի երկրների մասնակցությանը, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Բելառուսը, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ միասին ստորագրում են ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող փաստաթղթի տակ: Սա մի կողմից վկայում է ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմա-քաղաքական դաշինքի կայացման գործում էական առաջընթացի, իսկ մյուս կողմից այդ կառույցում Հայաստանի դիրքորոշման ընկալման մասին», – ընդգծեց Մելիք–Շահնազարյանը։
Ինչ վերաբերում է հայտարարության բովանդակությանը, ապա փորձագետի խոսքով, այնտեղ պետք է ընդգծել կարևորագույն դրույթների առկայությունը:
«Նախ՝ ՀԱՊԿ անդամ երկրները պնդում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և երկրորդ՝ թվարկում են վերջին տարիներին բազմիցս հնչեցված երեք սկզբունքները՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքները», – նշեց Մելիք–Շահնազարյանը։
Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը փորձ է անում հատկապես թյուրքական ու իսլամական երկրների աջակցությամբ գերակայություն տալ սկզբունքներից մեկին՝ անտեսելով մյուս երկուսի առկայությունը:։
«ՀԱՊԿ անունից անդամ բոլոր երկրների, այդ թվում Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի կողմից երեք սկզբունքների հավասարությունն արձանագրելը նշանակալից քայլ է Ադրբեջանի միակողմանի նկրտումները զսպելու և Հայաստանի ու միջնորդների դիրքորոշումը սատարելու տեսանկյունից»« – ընդգծեց փորձագետը։
Հոկտեմբերի 14–ին Երևանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի ժամանակ ընդունված հայտարարության մեջ պետությունների ղեկավարներն աջակցություն են հայտնում ղարաբաղյան խնդրի շուրջ` մայիսի 16–ին Վիեննայում և հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանն ու պայմանների ստեղծմանը խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։
Հաստատելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը` ՀԱՊԿ երկրների ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ—ի կանոնադրութայն դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում