ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 19-ին, Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
Էդուարդ Աղաբեկյանը ստացել է 4 ձայն, հաղորդում է «Արցախպրեսը»։
Նիստին 33 պատգամավորներից ներկա էին 32-ը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար` Բակո Սահակյանը նշել է, որ շարունակելու է իր աշխատանքը նոր եռանդով ու նոր ծրագրերով՝ հանուն Արցախի զարգացման և բարգավաճման:
«Ժողովրդավարություն» խմբակցությունից հարգելի պատճառով բացակայում էր Արմո Ծատուրյանը:
Հավելենք, որ ԼՂՀ ԱԺ երեք՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունները առաջադրել էին գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Գործող նախագահին իր աջակցությունն էր հայտնել նաև Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը: Անցումային նախագահի պաշտոնում ընտրվելու համար բավարար էր 21 ձայնը։
Արցախի Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, խորհրդարանի ընտրած Արցախի Հանրապետության նախագահը պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը՝ 2020 թվականը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ:–0–