ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շուտով կդառնա նոր «Նոյյան Տապան»-ի հայրենիք, ընդ որում` բառացիորեն: Նախօրեին «Կառուցենք ազգովի» հիմնադրամը ցնցեց հասարակայնությունը բնական չափերի «Նոյյան Տապան» կառուցելու մասին հայտարարությամբ, որը կհամապատասխանի Հին Ուխտի բնօրինակին ինչպես տեսքով, այնպես էլ չափերով:
«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում «Կառուցենք ազգովի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի գործադիր տնօրեն Մարտուն Հարությունյանը ներկայացրեց նախագծի մանրամասները:
«Նովոստի-Արմենիա» - Պատմեք, խնդրեմ, ինչպե՞ս ծագեց Հայաստանում բնական չափերի «Նոյյան Տապան» կառուցելու գաղափարը:
Մ.Հարությունյան – Գաղափարը ծագել է դեռևս 2011 թվականին մի խումբ ակտիվիստների մոտ, որոնց շարքերում ընդգրկված էին մտավորականության ներկայացուցիչներ: Այդ ժամանակ նախագիծը ներկայացվեց Հանրային խորհրդի դիտարկմանը և հավանության արժանացավ: Ի սկզբանե առաջարկվել էր կառուցել տապանը Երևանի Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ, սական ճարտարապետների բացասական արձագանքը ստիպեց վերանայել նախագիծը` այն քաղաքից դուրս իրագործելու հեռանկարով:
Այս տարվա մարտին ստեղծվել է նախաձեռնող նոր խումբ, մասնավորապես, «Կառուցենք ազգովի» հիմնադրամը, որը որոշել է ամեն գնով իրագործել նախագիծը, նույնիսկ ուշացումով:
«Նովոստի-Արմենիա» - Ո՞րն է Հայաստանում «Նոյյան Տապան» կառուցելու նպատակը:
Մ.Հարությունյան - «Նոյան Տապան» նախագիծը ենթադրում է Պատմամշակութային կենտրոնի ստեղծում, որի գլխավոր նպատակը Հայաստանի մշակութային արժեքների պահպանումն է և զբոսաշրջության զարգացման օժանդակությունը: Մենք ուզում ենք կառուցել այդ Տապանը ոչ միայն հայերի, այլ ամբողջ մարդկության համար: Ծրագրվում է, որ Տապանում կգործեն թանգարաններ և գրադարաններ, որոնք այցելուներին կներկայացնեն մարդկության պատմությունը:
«Նովոստի-Արմենիա» – Արդյո՞ք, արդեն համաձայնեցվել է շինարարության վայրը և տեխնիկական մյուս դետալները:
Մ.Հարությունյան – Մենք ծրագրում ենք կառուցել Տապանը Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհին: Առաջարկ ենք ստացել կառուցել այն Բյուրականի աստղադիտարանի մերձակայքում կամ Երևանի Նորքի 7-րդ զանգվածի մոտ: Վերջնական որոշումը պետք է կայացնի Հայաստանի կառավարությունը:
«Նովոստի-Արմենիա» – Դուք արդեն ներկայացրե՞լ եք նախագիծը Հայաստանի կառավարությանը: Որքա՞ն հավանական է, որ նախագիծը հավանության կարժանանա:
Մ.Հարությունյան – Նախագիծը կներկայացնի դիտարկմանը նոր կառավարության ձևավորումից անմիջապես հեռո: Մենք արդեն այն ցույց ենք տվել Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, և վերջինս հավանություն է տվել դրան: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է անպայման հավանություն տա նախագծին, մեծ հույսեր ենք կապում դրա հետ: Վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդն էլ 100 տոկոսով իր աջակցությունը կհայտնի:
«Նովոստի-Արմենիա» – Ի՞նչ գումարի մասին է խոսքը նախագծի իրագործման հարցում: Ո՞վ է այն ֆինանսավորելու:
Մ.Հարությունյան – Նախատեսում ենք ներգրավել անհատ ներդրողների, թեև չենք բացառում նաև պետության մասնակցությունը: Արդեն առաջարկություններ ենք ստացելն ներդրողներից, իսկ առայժմ գլխավոր խնդիրը տարածքի հատկացումն է: Մեր հաշվարկներով, սկզբնական փուլում անհրաժեշտ կլինի մոտ 20 մլն դոլար: Մյուս հաշվարկները հնարավոր կլինի իրականացնել արդեն նախագծի հաստատումից հետո:
«Նովոստի-Արմենիա» – Իսկ աշխարհում որևէ տեղ կա, արդյո՞ք, նմանատիպ շինություն, թե՞ հայկական «Նոյյան տապանը» կդառնա միակն իր տեսակի մեջ:
Մ.Հարությունյան – Աստվածաշնչյան չափերի «Նոյյան տապան» արդեն կառուցվել է Հոլանդիայում, ԱՄՆ-ում և Հոնկոնգում: Մեր «Նոյյան տապանը» կդառնա Հայաստանում առաջին նմանատիպը, թեև մի փոքր ուշացումով:
-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում