ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմանիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան, հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք և ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը
«Российсая газета»-ին տված հարցազրույցում պատմել է իր արմատների, պրոֆեսիոնալ ուղու, ծրագրերի և կյանքի սկզբունքներ մասին:
Մանկության երազանքը
«Մանկության տարիներին ես երազանք ունեի նվաճել ՈՒԵՖԱ-ի գավաթը կամ հաղթել Չեմպիոնների Լիգայում: Այդ երկու նպատակներից մեկին ես արդեն հասել եմ: Իսկ ընդհանրապես, իմ յուրաքանչյուր հաջորդ խաղաշրջանը պետք է նախորդից լավը լինի: Կարելի է ասել` դա իմ գլխավոր խնդիրն է:
Հիշում եմ` ինչպես էի հորս խնդրում իր հետ տանել մարզումների: Ես 5 տարեկան էի, այն ժամանակ նախում էր Ֆրանսիայում: Նա չէր ուզում շեղվել պարապմունքների ընթացքում, անհանգստանալ ինձ համար: Դրա համար էլ ինձ հետը չէր վերցնում: Ինձ թողնում էին սենյակում, և ես չէի կարող դուռը բացել։ Ես շատ փոքր էի, ձեռքս չէր հասնում դռան բռնակին»:
Загружается новость ...
"Право"
Հենրիխը պատմել է, որ և մանկության տարիներին, և հիմա վերանայում է հոր մասնակցությամբ խաղերը:
«Նա ուժեղ հարված ուներ և արագավազ հարձակվող էր: Ի դեպ, իմ խաղերը ես չեմ վերանայում, քանի որ դրանցում նկատում եմ միայն իմ սխալները:
Ինձ հետաքրքրում է ոչ միայն Չեմպիոնների Լիգան, այլ նաև տարբեր երկրների առաջնությունները` Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի: Ես երբեմն նաև հայկական առաջնությունն եմ նայում, այնտեղ իմ ընկերներն ու ծանոթներն են խաղում»:
Հենրիխը նաև պատրաստվում է դիտել Կոնֆեդերացիայի գավաթի խաղերը, սակայն ոչ մի թիմի չի երկրպագելու:
Ֆուտբոլիստ ու պոլիգլոտ
Հոր մահից հետո` 1996 թ-ին, Մխիթարյանի ընտանիքը վերադարձել է Հայաստան: Իսկ արդեն 13 տարեկանում Հենրիխը վերապատրաստման է մեկնել Բրազիլիա` Սան Պաուլու:
«Իհարկե դժվար էր: Ես համեստ տղա էի, ով հեռվից էր եկել: Ես փորձում էի տղաներին բացատրել, թե որտեղ է գտնվում Հայաստանը, սակայն դա հեշտ չէր անել: Այդ ժամանակ չկային ժամանակակից հեռախոսներ, սոցիալական ցանցեր: Սակայն առանց դրանց էլ մենք արագ ընկերացանք տղաների հետ: Բրազիլացիները շատ ուրախ են, շատ են կատակում: Ի դեպ, ես այնտեղ մենակ չէի մեկնել: Ինձ հետ երկու հայ ֆուտբոլիստներ կային:
Загружается новость ... "Лево"
Մարզաբազայում տնօրենի սենյակում հեռախոս կար: Մենք կարող էին օգտվել դրանից` միջազգային զանգերի համար: Մայրս ինձ այդ համարին էր զանգում, և մենք ամեն շաբաթ շփվում էինք»:
Խոսելով լեզվի պարապմունքների մասին` Հենրիխն ասել է, որ պարապում էր դեռ Հայաստանում:
«Սակայն դա գործնականի հետ չի համեմատվի: Մի բան է` նստել և գիրք կարդալ, մեկ այլ բան մարդկանց հետ կենդանի շփվել:
Մենք ամբողջ ժամանակ պարապում էինք, գնում էինք դպրոց: Մեկը բազայի տարածքում էր: Առհասարակ, Բրազիլիայում անցկացրած 4 ամիսները ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում: Կարելի է ասել, որ այդ ժամանակ ձևավորվել է իմ խաղաոճը»:
Մխիթարյանը նաև պատասխանելէ հարցին, թե քանի լեզվով է խոսում:
«Վեց լեզուներով. հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, անգլերեն: Ռուսերենը ես տատիկիս շնորհիվ եմ սովորել, նա ռուս էր»:
Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է
«Ես ավարտել եմ Հայաստանի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Միաժամանակ, տնտեսագետի մասնագիտություն եմ ստացել Սանկտ Պետերբուրգի համալսարանի երևանյան մասնաճյուղում: Ընդունվեցի այդտեղ, քանի որ նրանց ավարտական վկայականը վավեր է գրեթե 60 երկրում»:
Այն մասին, թե կարիերայի ավարտին ինչով է զբաղվելու, Մխիթարյանը դեռ չի մտածում:
«Բայց ես կարող եմ նաև ֆուտբոլում մնալ: Գործակալ կամ մարզիչ լինել. այդքան էլ կարևոր չէ: Գուցե բիզնեսով զբաղվեմ: Դեռ չգիտեմ»:
Այն մասին, թե որ խաղն է հավաքականում իր դեբյուտից հետո ` 10 տարվա ընթացքում առավել հիշվող իր համար` Հենրիխն ասել է, որ այդպիսիք շատ են եղել:
«Նույն Չեռնոգորիայի հետ խաղն անցյալ տարի, երբ մենք պարտվում էինք 0:2 հաշվով, սակայն 3:2 հաղթեցինք: Կամ Իտալիայի դեմ խաղը, երբ ես գոլ խփեցի Բուֆոնին և դարձա հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Նշեմ նաև Դանիայի և Սլովակիայի հետ արտագնա խաղերը, երբ մենք բոլորին զարմացրինք և հաղթեցինք 4:0 հաշվով»:
Загружается новость ...
"Право"
«Российсая газета»-ն ֆուտբոլիստից հետաքրքրվել է` ինչի վրա է հավաքականի հույսը, հաշվի առնելով, որ Հայաստանը 4 միավորով հեռու է 2018 թ-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլի Е խմբի երկրորդ տեղից:
«Երկու խաղերից հետո շատերը մեզ քննադատում էին այնպես, կարծես մենք արդեն տապալել ենք ցիկլը: Սակայն ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Մենք շարունակում ենք պայքարը: Դա իմ և մեր նպատակն է. խաղալ աշխարհի առաջնությունում»:
Գիրք, որը շատ բան է սովորեցրել
Հենրիխը պատմել է նաև գրքի մասին, որը նրան խորհուրդ է տվել «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը:
«Ես չէի ասի, որ այն հեղաշրջել է իմ կայնքը: Օգնել է ինձ` այո: Դա «Բորուսիայում» իմ երկրորդ խաղաշրջանից հետո էր: Այդ տարին իմ ու թիմի համար շատ բարդ էր: Երբ Տուխելը եկավ «Բորուսիա», նա ինձ հետ անձամբ խոսեց: Նա ասաց. «Հենրիխ, դու պետք է 10 գնդակ խփես և 15 գոլային փոխանցում կատարես»: Արդյունքում ես խփեցի 23 գոլ և 32 գոլային փոխանցում կատարեցի: Նա ինձ խորհուրդ տվեց կարդալ «Մտովի թենիսը»: Դրանում խոսվում է անձնական և մասնագիտական կատարելագործման եղանակների մասին: Այն կարծես հենց ինձ համար գրված լիներ: Նախկինում ես հաճախ էի անհանգստանում բաց թողնված հնարավորությունների համար: քննադատում էի ինձ ինչ-որ սխալների համար: սակայն այդ գիրքն ինձ շատ բան սովորեցրեց: Հիմա ես հանգիստ եմ վերաբերվում նման պահերի: Եվ դա ինձ օգնում է»: -0-